Պատերազմի 23-րդ օրվան հատուկ են միջազգային ակտիվ շփումներ
Վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Գերմանիայի կանցլերի հետ: Ըստ Բեռլինի, Օլաֆ Շոլցը Կրեմլի ղեկավարին կոչ է արել «հնարավորինս արագ դադարեցնել կրակը, մեղմել հումանիտար կացությունը և բանակցել պատերազմն ավարտելու համար»:
Կրեմլի փոխանցմամբ էլ` Պուտինը Շոլցին ասել է, թե «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամեն կերպ ձգձգում է բանակցությունները»:
Երեկոյան նախատեսված է Կրեմլի ղեկավարի զրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:
Բացի այդ, Պուտինի նախագահությամբ գումարվել է Անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել է ներկայիս միջազգային իրավիճակը:
Այսօր Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահներ Ջո Բայդենը ու Սի Ծինպինը հեռախոսով քննարկել են պատերազմի թեման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը նախազգուշացնում է Ուկրաինայի դեմ կռվելու համար հավաքագրվող վարձկաններին՝ կյանքը գումարից թանկ էԲայդենը մտադիր էր Չինաստանի ղեկավարին նախազգուշացնել Ուկրաինայի հարցում Ռուսաստանին սատարելու համար հնարավոր ծանր հետևանքների մասին:
Սի Ծինպինն ասել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը՝ որպես երկու գերտերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհի կայունության համար: Նա ընդգծել է, որ պատերազմը հակասում է բոլոր երկրների շահերին:
Պուտինին ծափերով ընդունում են «Լուժնիկիում», աստղերը` երգում «Առա՛ջ, Ռուսաստան»
Դե իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում տոնական միջոցառումներ են՝ Ղրիմի «վերամիավորման» օրվա առթիվ «Լուժնիկի» մարզադաշտում տասնյակ հազարավոր մարդիկ ծափահարություններով դիմավորել են Պուտինին:
Ռուսաստանի նախագահը խոսել է Ուկրաինայի «հատուկ օպերացիային» մասնակցող զինվորականների «անձնազոհության մասին»:
Տեղի է ունեցել համերգ, Ռուսաստանի այսօրվա աստղերը կատարել են հայրենասիրական երգեր, որոնցից մեկի անունն է «Առա՛ջ, Ռուսաստան» («Россия вперед»):
«Ռուսները չգիտեին, թե նրանց ինչ է սպասում այստեղ»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկրին օգնելու համար շնորհակալություն է հայտնել Բայդենին:
Անկարկելով, որ խոսքը ռազմական օգնության մասին է, նա ասել է, որ հասկանալի պատճառներով չի կարող մանրամասնել, բայց ավելացրել է, որ դա շատ արդյունավետ օգնություն է:
«Ռուսները չգիտեին, թե ինչ է նրանց այստեղ սպասում, ինչեր մենք ունենք պաշտպանվելու համար: Զավթիչները կարծում էին, թե գալիս է Ուկրաինա, որը տեսել են 2014-15 թվականներին, նրանց իսկ կողմից կաշառված պետություն, որից պետք չէ վախենալ, բայց մենք ուրիշ ենք, մենք փոխվել ենք»,- ասել է Զելենսկին:
Նա խոսել է նաև ռուս գերիների մասին, ասելով, թե նրանցից ոմանք չեն էլ ուզում վերադառնալ Ռուսաստան:
«Կան շատերը, որոնց մասին Ռուսաստանը չի էլ նշում ու չի էլ ցանկանում նրանց վերադարձնել: Զինվորների մահվան լուրը ռուսները հայտնում են ընտանիքներին այն դեպքում, երբ նրանք ողջ են, այստեղ են՝ գերության մեջ»,- ասել է Զելենսկին:
«Մեզ սպառնում են նոր սանկցիաներով, մենք արդեն սովոր ենք դրան»
Արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների ցանկում է նաև Կրեմլի պրոպագանդան՝ Պուտինին գովաբանող հեռուստաաստղերն ու մամուլը, մասնավորապես, «Russia Today» մեդիաընկերությունը, որն արտասահմանում եթերազրկվել է:
Նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա անվանել է «Ամերիկայում և Եվրոպայում առկա հակառուսաստանյան խենթություն»:
Նա պնդել է, որ «Russia Today»-ը կշարունակի իր տեսակետը հասցնել բոլոր նրանց, «ովքեր ուզում են այն լսել»:
Եվ հենց այդ հեռուստակայանին այսօր տված հարցազրույցում արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասել է, թե համոզված է, որ սանկցիաները կշարունակվեն:
«Նրանք մեզ սպառնում են պատժամիջոցների 5-րդ ալիքով, գուցե դրան կհաջորդի ևս մեկը, մենք արդեն սովորել ենք դրան»,- ասել է Լավրովը և ցիտել է Պուտինին, ով ասել է, թե Ռուսաստանը սանկցիաների հարցում աշխարհի բացարձակ չեմպիոն է, ցանկում կա ավելի քան 5 հազար անուն: Դա Հյուսիսային Կորեայի և Իրանի դեմ ընդունված պատժամիջոցների կրկնապատիկն է:
Լավրովի պնդմամբ, սանկցիաները միայն հզորացնում են երկիրը: Նրա խոսքով, Ռուսաստանը պատմական դաս է քաղել, արևմտյան գործընկերների վրա հույս դնելու պատրանքը հոդս է ցնդել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր 11 հայ է զոհվել` տեղի հայկական կառույցների տվյալներով«Մենք պետք է ապավինենք միայն սեփական ուժերին և հույս կապենք այն դաշնակիցների հետ, որոնք մեզ հետ կմնան: Սա է աշխարհաքաղաքական ասպարեզում մեր կարևորագույն եզրակացությունը, որին հանգել ենք»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովն այս հարցազրույցում նաև պարզաբանել է, թե ինչ նկատի ունի Մոսկվան, ասելով, որ այս «հատուկ օպերացիայի» նպատակներից մեկը Ուկրաինայի դենացիֆիկացումն է:
«Դա նշանակում է չեղարկել բոլոր օրենքները, որոնք խրախուսում են նացիստական գաղափարախոսությունը և գործելակերպը և խտրականություն են ենթադրում ռուսալեզու բնակչության նկատմամբ: Ռուսներին, ռուսախոսներին ահավոր ճնշել են Ուկրաինայում»,- ասել է Լավրովը:
Առաջիկայում Արևմուտքի լիդերները նորից կանդրադառնան Ուկրաինային
Իսկ միջազգային ասպարեզում Ուկրաինայի վերաբերյալ կա մի նոր տեղաշարժ՝ Ռուսաստանի նախագահի հետ այսօրվա զրույցից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներին առաջարկել է հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպել Բրյուսելում, որտեղ նախատեսված են ՆԱՏՕ-ի և Եվրամիության գագաթնաժողովները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ մարտի 24-ին դաշինքի ղեկավարները պետք է համաձայնեցնեն միասնական մոտեցումն Ուկրաինային սատարելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցերում: