Վրաստանի իշխող կուսակցությունը մերժել է ընդդիմության առաջարկը՝ երկրի խորհրդարանին ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձ կազմակերպելու հարցով։
«Սա անհեթեթություն է, երբ վրացական ընդդիմության մի մասը հանդես է գալիս ուկրաինական իշխանության անունից և ասում, թե ով ինչ է ցանկանում, ով է ցանկանում ուղերձով հանդես գալ, ով՝ ոչ։ Նրանք նույնիսկ չեն հարցրել Ուկրաինայի իշխանություններին։ Չէ՞ որ այդ ամենը ցույց է տալիս նրանց իրական նպատակը՝ հիստերիա բարձրացնել», - հայտարարել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Շալվա Պապուաշվիլին։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին չի պլանավորում միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Վրաստանի իշխանությունները նաև թույլ չեն տվել կամավորների խմբին Ուկրաինա մեկնել բանակին միանալու նպատակով։
Պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը կոշտ արձագանք է հարուցել երկրում, հազարավոր վրացիներ մի քանի օր շարունակ ցույցեր են կազմակերպել վարչապետի հրաժարականի պահանջով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. «Պարոն Շոլց, քանդե՛ք այս պատը» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ճառով դիմել է ամերիկյան Կոնգրեսի անդամներին՝ կրկին կոչ անելով ոչ թռիչքային գոտի ստեղծել