Վրաստանի առողջապահության նախարարությունը կամավորներին կոչ է արել արյուն հանձնել Ուկրաինայի համար: Այդ մասին հաղորդվում է նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Նախարարությունը սկսում է Ուկրաինային օգնելու համար արյուն հանձնելու ցանկություն ունեցողների գրանցումը, հետաքրքրված մարդիկ կարող են զանգահարել 1505 հեռախոսահամարով կամ գրանցվել կայքում», - ասվում է հաղորդագրությունում:
Նախարարությունը հայտնում է, որ հավաքված արյունը պահանջված մշակումից հետո կուղարկվի Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն:
Վրաստանի կառավարությունը երկուշաբթի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Բացի այդ, Վրաստանում հյուրանոցներում անվճար տեղավորում են ուկրաինացի այն զբոսաշրջիկներին, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ:
Երեկ Թբիլիսիի քաղաքապետարանը բացել է մարդասիրական օգնության ընդունման կետեր՝ հավաքված իրերը և պարագաները հետագայում Ուկրաինայի տարբեր քաղաքներ փոխադրելու համար: