Անընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում քննարկելը. Սեյրան Օհանյան

«Ազատության» տաղավարում Ազգային ժողովի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սերյրան Օհանյանն է։

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Երևանի նախաձեռնությունը դիմել Մինսկի խմբին՝ նախաձեռնելու Ադրբեջանի հետ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ։

Օհանյան. - Մինսկի խմբի համանախագահությունը պետք է շարունակի իր ամենակարևոր գործընթացը, դա Արցախի ինքնորոշման հետ կապված խնդիրն է, հակամարտության որոշելու խնդիրն է։ Իսկ այն, որ Երևանը և Հայաստանի իշխանությունները առաջինը՝ չեն տիրապետում և չեն տիրապետել բանակցային ողջ գործընթացին, և դրա արդյունքում է, որ բանակցությունների ձախողման պատճառով նաև 2020 թվականի պատերազմը եղավ։ Ցավալին այն է, որ այդքանից հետո էլ հետևություններ չեն արել։ Ի՞նչ է նշանակում «խաղաղության դարաշրջան», խաղաղության գործընթաց, երբ քո հակառակորդը մնում է որպես հակառակորդ, մնում է որպես թշնամի։ Խաղաղության կարելի է գնալ, խաղաղ համակեցությամբ կարելի է ապրել այն պետության հետ, որը հակառակորդից վեր է ածվում հարևան պետության։ Ադրբեջանի հռետորաբանությունը, նրա կողմից շարունակական սադրանքները, հանցագործությունները չեն խոսում նրա մասին, որ նրանք պատրաստ են խաղաղության գնալ։ Դրա հիմքում կարելի է դնել բազմաթիվ փաստաթղթեր, բայց այդ փաստաթղթերի շուրջ պետք է բանակցել և խելացի հետևություններ անել։ Այսօր չկան այն պայմանները, որ արագ տեմպերով գնալ խաղաղության պայմանագրի, մանավանդ հայ-թուրքական հարաբերություններում։ Որովհետև տարբեր փաստաթղթեր գոյություն ունեն, այս դեպքում ես պետք է նաև հիշեցնեմ, որ Շուշիի հռչակագրի բոլոր հիմնական կետերը նախապայմաններ են Հայաստանի Հանրապետությանը ներկայացված։

«Ազատություն». - Այնուամենայնիվ, Ադրբեջանը, այո, ասում է Մինսկի խումբ չկա, Ղարաբաղի հարց չկա։ Եթե գա բանակցությունների այս օրակարգով, արդեն ձեռքբերում չի՞ լինի։ Կարծես սրան է ուղղված Երևանի նախաձեռնությունը։

Օհանյան. - Չեմ կարծում, թե պետք է գնալ միակողմանի զիջումների, որովհետև այդ հինգ կետերով փաստաթուղթը խոսում է նրա մասին, որ շատ սուր կերպով ճնշելով Հայաստանի վրա՝ փորձում են գնալ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ այդ առումով բավականին լուրջ վտանգի տակ է գտնվելու Արցախը։ Այս իշխանությունները, կարելի է ասել, որ իրենց գործողություններում, իրենց նույնիսկ հայտարարությունում ձեռք են քաշել Արցախից։ Բայց մեր տեսակետը, անձամբ իմ տեսակետը այն է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Ազատություն». - Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ճակատագիրը, եթե Ադրբեջանն ասում է դա իմ տարածքն է, շրջափակել է ամբողջությամբ՝ թողնելով մի ճանապարհ Հայաստանի հետ, և միջազգային հանրությունն էլ կարծես առանձնապես չի առարկում դրան։

Օհանյան. - Միջազգային հանրության հետ պետք է աշխատել և պետք է ոչ թե միակողմանի փորձել միջազգային հանրության պարտադրել, որ մեր համար աշխատեն։ Եթե ինքդ չես ցանկանում քո երկրի ապագան տեսնես անվտանգ, խաղաղ և կայուն պայմաններում, եթե դու ինքդ խորշում ես ասել Արցախի Հանրապետություն, գնալ Արցախ, մտածել Արցախի անվտանգության վերաբերյալ... Կամ, օրինակ, հումանիտար աղետ է ստեղծված Արցախում, և մենք չենք տեսնում իշխանություններից որևիցե մեկին գնալ տեղում աշխատել, պայմանավորվել, փարատել մտավախությունները, ապա միջազգային հանրությունը միակողմանի քո տեղի չի աշխատելու։ Դա նշանակում է, որ պետք է կատարել փոխադարձ պարտավորվածությունը՝ և' միջազգային հանրությունը մեր նկատմամբ, և' մենք միջազգային հանրության նկատմամբ, հատկապես մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում։

«Ազատություն». - Նույնիսկ եթե Երևանը ժողովուրդների ինքնավարության սկզբունքը պնդի, պարզ է չէ՞, որ Ադրբեջանն ասելու է՝ էդ դեպքում ես էլ եմ էնտեղ քաղաքացիներ ունեցել, թող իրենք էլ գան ինքնորոշվեն։

Օհանյան. - Հիմա մենք այնպիսի իրավիճակում ենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը փաստ է արդեն, կնիքը դրված է, և Արցախը հայտնվել է անկլավային վիճակում։ Հիմա ազգային երաշխիքների ձևավորման, նաև միջազգային երաշխիքների ձևավորման մարտավարական խելացի բանակցային քայլեր են պետք։ Եվ այդ քայլերի մասին լիարժեք խոսելու համար պետք է տիրապետել այն հարաբերություններին, որ այսօր կան։ Այդ հարաբերություններին այսօր լիարժեք տիրապետում են այսօրվա իշխանությունները, և մինչև նրանք չհեռանան, մենք անընդհատ դրսից, անընդհատ Ադրբեջանից ենք տեղյակ լինելու այս կետերի կամ բանակցային գործընթացի տարբեր կետերի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.