«Ո՞նց կարա իր ոտքով մտնի սանչաստ ու մի քանի ժամում մահանա». Ծնողները չեն հավատում, որ տղայի մահվան մեղավորը կգտնվի

Շարքային Ռադիկ Թաթոսյանը 44-օրյա պատերազմի արհավիրքով անցնելուց երկու ամիս անց՝ 2021թվականի հունվարին է մահացել. պաշտոնական թղթերում մի քանի պատճառ է նշված՝ երկկողմանի թոքաբորբ, սուր միակարդիտ, քովիդի հարցական ախտորոշում։

Մայրը՝ Կարինեն տարակուսում է՝ ինչպե՞ս պատահեց, որ առողջ բանակ զորակոչված իր տղան մեկ օրում գնաց. «Իմ տղան չէր ծխում, առողջ էր, պարապում էր։ Ո՞նց կարա երեխան իր ոտքով մտնի սանչաստ ու մի քանի ժամում մահանա»։

Հադրութում շրջափակումից հրաշքով փրկված, Կարմիր Շուկայի մարտերին մասնակցած ու մեկ օրում հանկարծ թոքաբորբից ու սրտի կանգից կյանքին հրաժեշտ տված Ռադիկ Թաթոսյանի մահվան առիթով քրեական գործ է հարուցվել՝ անփութության և բժշական սպասարկման մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածներով։ Այդուհանդերձ, ավելի քան 1 տարի անց այս գործով չկա ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ։ Քննչական Կոմիտեից «Ազատությանը» որևէ այլ տեղեկություն չհաղորդեցին՝ ասելով, թե դիակի լրացուցիչ փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացել։

«Ոչ մի բան չեն ասում մեզ, իրենք ձգձգում են ամեն օր։ Էս ձևի պատասխանել չի կարելի, մենք ծնող ենք», - ասաց մայրը։

Ծնողներն արդեն չեն էլ հավատում, որ իրենց տղայի մահվան մեղավորը կգտնվի։ Հուսահատ թերթում են մահվան եզրակացությունը, պաշտոնական այլ փաստաթղթեր, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ ինչպես է շարքային Թաթոսյանը մի քանի անգամ գանգատով դիմել բուժկետ, սակայն, տղային այդպես էլ ժամանակին հետազոտման չեն ուղարկել։ Վերջին անգամ բողոքել է դժվարաշնչությունից, արյուն է հետ տվել։

«Առավոտը գնացել են սանչաստ, դեղ են տվել, սիստեմա են միացրել, ճնշումը մի քիչ ընկած էր, ասացի՝ «հիմա որտե՞ղ ես», ասաց՝ «վաշտում, պառկած», ասացի՝«մենա՞կ ես», ասաց՝ «հա», այդ ժամանակ ինքը խեղդվում էր կամ հետ էր տալիս, ես էդ հասկացա։ Ինձ ասաց՝ «մամ, չեմ կարա խոսամ, հետո կզանգեմ», - պատմեց մայրը։

Սա վերջին զանգն էր։ Ծնողները չեն էլ հասել տղայի մոտ՝ զորամաս, ճանապարհին արդեն իմացել են, որ Ռադիկն այլևս չկա։

«Շտապով էին տեղափոխում, ո՞նց կարող էին նման հիվանդին շտապով տեղափոխել, ոչ թե վերտալյոտով, մեկ վայրկյանն էլ, մեկ րոպեն էլ կյանք էր իր համար», - ասաց Կարինեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամկետային զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն


19-ը չբոլորած զինվորը հետմահու «Արիության մեդալ»-ով է պարգևատրվել։ Պատերազմից հետո, երբ մայրը հարցրել է՝ քեզ չե՞ն պարգևատրելու, պատասխանել է՝ «ես տեղով մեդալ եմ, անցել եմ էդ ամենի միջով ու ողջ մնացել»։ Տղային համարում են պատերազմի մասնակից, բայց քանի որ ոչ մարտական պայմաններում է մահացել, ընտանիքը զրկվել է ֆինանսական աջակցությունից։

«Եթե կարող էին ստուգել, եթե կարող էին փրկել, ինչո՞ւ չէին անում, պետք է զինվոր մահանար նո՞ր»

Ընտանիքը թակել է տարբեր պաշտոնյաների դռներ, այդպես էլ չի կարողացել բացատրություն ստանալ՝ ինչո՞ւ դաժան պատերազմն անցած տղային գոնե պատշաճ բժշկական հետազոտության չենթարկեցին։

«Համարյա սաղ զինվորներին թոքաբորբով հիվանդ հոսպիտալացրել են, նույն տեղը տղայիս մահանալուց հետո, հաջորդ օրը։ Եթե կարող էին ստուգել, եթե կարող էին փրկել, ինչո՞ւ չէին անում։ Պետք է զինվոր մահանար նո՞ր», - նշեց Թաթոսյանի մայրը։

Որդեկորույս մոր բարձրացրած հարցի պատասխանները «Ազատությանն» էլ դեռ չի հաջողվել պարզել Պաշտպանության նախարարությունից։ Փետրվարին ռազմական գերատեսչություն ուղարկած մեր նամակում խնդրել էինք նաև պարզաբանել՝ շարքայիններից քանի՞սն են պատերազմից հետո առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերել, դադարեցվե՞լ է արդյոք նրանց ծառայությունը, պատշաճ բուժսպասարկում մատուցվե՞լ է և այլն։ Նախարարությունից հավելյալ ժամանակ են խնդրել այս հարցերին պատասխանելու համար։

2019թ-ին՝ 50, 2020-ին՝ 100, 21-ին՝ 76 զինծառայող է մահացել խաղաղ պայմաններում՝ ոչ հակառակորդի կրակից։ Զինվորների ու բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները սեփական վիճակագրությունն ունեն։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ զինված ուժերում մահերի 25-30 տոկոսն առողջական խնդիրների հետևանք է։ Օրինակ, 2019-ին՝ 13, 20-ին՝ 25, 2021-ին 17 զինվորական է մահացել բանակում այս կամ այն հիվանդության հետևանքով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանն «Ազատությանը» հայտնեց, որ իրենք ևս նախարարությունից փորձել են պարզել՝ որտեղի՞ց է սկսվում խճճված այս կծիկը, ինչո՞ւ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը չեն կանխվում, բանակում կա՞ պատշաճ բուժօգնության խնդիր, սակայն ռազմական գերատեսչությունում գաղտնիությունն ամեն տարի ավելի ու ավելի է մեծանում։

«Զինծառայողների առողջական խնդիրները ծագում են հենց զորակոչի փուլում, երբ առողջական խնդիրներով առանց փորձելու բուժում ապահովել, զորակոչիկները անցնում են զինվորական ծառայության, որտեղ ավելի բարդ պայմաններում նրանց առողջական վիճակը էլ ավելի է սրվում։ Մանրամասն տեղեկատվություն պաշտոնական գերատեսչությունից չի տրամադրվում, թե ինչ պայմաններում են մահացել այդ մարդիկ», - ընդգծեց Սադիկյանը։

Այս խնդրին վերջին տարիների զեկույցներում անդրադարձել է նաև օմբուդսմենի գրասենյակը՝ արձանագրելով, որ առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին շարունակում են բանակ զորակոչել։ Նախկին պաշտպանը նաև ընդգծել է՝ 2018-ի հեղափոխությունից հետո ևս իրավիճակը չի փոխվել. որոշ դեպքերում պատասխանատու գերատեսչությունները շարունակում են արհեստականորեն ձգձգել քննությունը, կոծկել մեղավորներին։