Արցախում այսօր սկսվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները

Արցախում այսօր սկսվել են վնասված գազի խողովակի վերանորոգման աշխատանքները։ Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ աշխատանքները իրականացնում է ադրբեջանական կողմը։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ կարճ ժամկետներում Արցախում գազը կվերականգնվի։

Արցախի պետնախարարի մամուլի խոսնակը տեղեկությունը հաստատեց, բայց չհստակեցրեց, թե ովքեր են բանակցել և ինչպես է հնարավոր եղել համաձայնության գալ մեկ շաբաթից ավելի գազատարին մոտենալ չթույլատրող Ադրբեջանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս սկսել Հայաստան-Արցախ գազատարի վթարի վերացման աշխատանքները

Համաձայն հաղորդագրության՝ բանակցությունները ընթացել են Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ։ 9 օր շարունակ գազի բացակայությունը Արցախի ողջ տարածքում բազմաթիվ խնդիրներ է ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի պարբերական անջատումներ։ Ցրտի պատճառով երկուշաբթի օրվանից Արցախի դպրոցներում դադարեցրել են դասերը։

Մայր գազատարի վնասված հատվածը Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում է, ինչպես Ստեփանակերտի բնակիչ Աշոտ Ավանեսյանը «Ազատությանը» փոխանցեց, իրենց տեսանելի չէ՝ աշխատանքներն այս պահին ընթանում են, թե՝ ոչ։ Մինչ այս պահը գազամատակարարումը չի վերականգնվել։

«Ասացին՝ էս երկու օրվա ընթացքում, ավելի կոնկրետ բան չէ, մենք էլ սպասում ենք», - ասաց Ավանեսյանը։

ԱԺ ընդդիմությունն առաջարկում է հերթական նիստում հրատապ քննարկել Արցախում առաջացած հումանիտար խնդիրները

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստանը» դեռ վերանորոգման մասին լուրերից առաջ նախաձեռնել էին հրատապ նիստ այս թեմայով, որը նախագծի հիմնական զեկուցող Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ շարունակում է մնալ իրենց օրակարգում։

«Արցախը ճգնաժամի մեջ է, և մենք խնդիրը տեսնում ենք ոչ միայն այսօր ստեղծված իրողությունների պայմաններում, այլ ակնհայտ է, որ Ադրբեջանը նաև հետագա ժամանակահատվածում հնարավորություն է ունենալու և արդեն ցույց է տվել, որ կիրառելու է այդ գործիքները Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա ազդելու և Արցախի ու Հայաստանի հետ կապված հարցերում զիջումներ կորզելու համար։ Պաշտոնատար անձինք, ովքեր այս հումանիտար իրավիճակի հետ կապված սոցիալ-տնտեսական կամ ենթակառուցվածքային առումով առնչվում են կամ ի պաշտոնե պետք է առնչվեին Արցախի համապատասխան մարմինների հետ, պետք է նաև բացատրություն ներկայացնեն, թե ստեղծված իրավիճակում ինչ քայլ են իրականացրել, որպեսզի ժամանակին կանխեին նմանատիպ իրավիճակը, ինչ ենք անելու հետագայում, որպեսզի նման իրավիճակի առաջ Արցախում ապրող մեր հայրենակիցները այլևս չկանգնեն», - ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիրները առաջարկում են ազգային ժողովի մարտի 22-ի հերթական նիստերի ընթացքում հրատապ քննարկել Արցախում գազատարի վթարից հետո առաջացած հումանիտար խնդիրները։ Անհրաժեշտ՝ պատգամավորների թվի 1/4 -ի ստորագրությունները՝ ընդդիմադիր երկու խմբակցությունները առանց իշխանականների կարող են ապահովել։ Քվորում ապահովելու խնդիր ևս չկա, քանի որ քննարկումը կազմակերպվում է հերթական քառօրյա նիստի ընթացքում։ Որպես հարակից զեկուցողներ կառավարությունից հրավիրել են արտգործնախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այս երկուշաբթի ԱԺ խորհրդի նիստում պետք է որոշվի նիստը դռնբաց, թե դռնփակ է լինելու։

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն ասում է՝ շատ կարևոր է, որ Հայաստանը համարժեք արձագանքի Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

«Անօրինական կերպով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում, որտեղ անցնում է գազի խողովակը, վնասվել է առերևույթ հենց ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, և մարտի 8-ից սկսած մինչ օրս Արցախում մեր հազարավոր հայրենակիցները զրկված են առհասարակ ջեռուցման հնարավորությունից, այնտեղ նույնիսկ հիվանդանոցները զրկված են ջեռուցման հնարավորությունից։ Ես ինքս մի քանի օր առաջ Արցախում էի, իմ աչքով եմ տեսել, թե ինչպես, օրինակ, հիվանդանոցում, որտեղ կան 40-ից ավելի պացիենտներ, մանկական հիվանդանոցի մասին էր խոսքը, առհասարակ զրկված էր ջեռուցման հնարավորությունից», - նշեց Վարդևանյանը։

Իշխանական խմբակցությունից քննարկմանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Արտգործնախարարությունից և փոխվարչապետի գրասենյակից ևս տեղեկություն չփոխանցեցին, որպես հարակից զեկուցողները երեքշաբթի խորհրդարան ներկայանալու են, թե ոչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռ նախորդ հինգշաբթի, կառավարության նիստին հայտարարեց, որ զերծ կմնա արցախում ստեղծված իրավիճակին գնահատական տալուց. «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ»։

Մինչ հրատապ նիստը, ընդդիմադիրները այս երկուշաբթի նաև խորհրդարանական լսումներ են կազմակերպել Արցախի շուրջ վերջին զարգացումների թեմայով։ Այս քննարկմանը հրավիրված էին նաև Արցախի պաշտոնյաներ և հանրային գործիչներ։