«Կարևորում ենք Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը»․ Մարիա Կարապետյան

Հայկական կողմը կարևորում է Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսումը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ քննարկվելո՞ւ է, թե՞՝ ոչ։

Լարվածության թոթափում, անվտանգության ապահովում, սրանք են այսօրվա առաջնային հրատապ կարևոր հարցերը, ասաց Կարապետյանը՝ շեշտելով, որ դրա համար անհրաժեշտ է հարթակ խոսակցության համար։

«Երբ այդ բովանդակային բանակցությունները վերսկսվեն, իհարկե հայկական կողմը կփորձի առավելագույն հնարավոր, իրատեսական, լավագույն լուծման հասնել մեր պատկերացումների շրջանակում», - ասաց իշխանական պատգամավորը՝ նկատելով՝ այսօր վերջնագրերի լեզվով խոսելը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի, Արցախի անվտանգության շահերից։

Արդեն մեկ շաբաթ է Արցախի բոլոր բնակավայրերը զրկված են գազից․ Ադրբեջանի հսկողության տակ անցած Շուշի-Լիսագորի հատվածում վթարվել է Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարը, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մոտենալ ու վթարի վերացման աշխատանք կատարել: Վերջին օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն են անհանգիստ։ Ադրբեջանական կողմը կիրառում է տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ մեծ տրամաչափի ականանետներ արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ․ըստ Արցախի ՄԻՊ-ի, Խրամորթ, Խնապատ, Նախիջևանիկ, Կարմիր շուկա, Թաղավարդ, այս բոլոր համայնքների բնակիչներն ամեն օր դառնում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների ուղիղ թիրախը։ Հայտարարելով, որ Արցախում ապրող հազարավոր հայեր ամեն օր պարբերաբար ենթարկվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչական և ցեղասպանական գործողությունների՝ Գեղամ Ստեփանյանը միջազգային կառույցներից հստակ գնահատականներ է պահանջել Ադրբեջանի գործողություններին։

Հարցին, թե ի՞նչ կարգավիճ պետք է լինի, որ հայերի իրավունքները երաշխավորված լինեն, «հանկարծ, եթե կարգավիճակ տրվի, որ ադրբեջանցիները վերահսկողություն ունենան էդ տարածքում, կան մտավախություններ, որ դա մի ինչ-որ նոր Սումգայիթի կարող է հանգեցնել», Կարապետյանը պատասխանեց՝ առարկայական, բովանդակային բանակցությունների միջոցով պետք է հասնել հարցի վերջնական խաղաղ կարգավորմանը։

«Ես կարծում եմ, որ, այո՛, անհրաժեշտ է արձանագրել՝ Ադրբեջանը հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ իր քաղաքացիներն են, նույնիսկ իր դիտանկյունից ինքն իրականացնում է էթնիկ զտման փորձեր, և կյանքը հայ բնակչության, իր դիտանկյունից, եթե նայենք, անհնարինություն է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, և սա է նաև մեր կոմունիկացիայի առանցքը մեր միջազգային գործընկերների հետ, այսինքն՝ ուշադրությունը հրավիրել, որ Ադրբեջանը խնդիր է դրել մարդկանց դուրս մղելու։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ ոչ թե մենք էլ նպաստենք իրավիճակի սրմանը և ազդակ ուղղենք ամբողջ աշխարհին, որ մենք պատրաստվում ենք հակամարտությունն անվերջ շարունակել, այլ միջազգային հանրության աջակցությունը մեզ անհրաժեշտ է՝ հակամարտությունը լուծելու համար։ Այսինքն՝ մենք ոչ թե ասում ենք՝ «օգնեք մեզ՝ շարունակենք կռվել, այլ օգնեք մեզ՝ փորձենք լուծել խնդիրները և հասնել առնվազն իրավիճակի դեէսկալացիայի» և այնուհետև առարկայական, բովանդակային բանակցությունների միջոցով հասնել հարցի վերջնական, խաղաղ կարգավորմանը», - եզրափակեց պատգամավորը։

Օրեր առաջ պաշտոնական Բաքուն բացահայտեց «Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու 5 նախապայմանները»՝ մասնավորապես, առաջարկելով ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

Հայաստանի արտգործնախարարը՝ արձագանքելով հայտարարեց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների՝ շեշտելով՝ Բաքվի առաջարկած կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․