Տոտալ անոշորության մեջ ենք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումն ու բարձր անորոշությունը հանգեցրել են ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի և ռիսկի հավելավճարի մեծացման: Առկա անորոշություններն արտահայտվել են նաև գնաճի և գնաճային սպասումների վարքագծում», - ասաց նա:
Գլխավոր դրամատունը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից հետո հայտնում է՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ օրեցօր խստացվող սանկցիաների պատճառով Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրելու։ Հայաստանի տնտեսության վրա աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր բացասական հետևանքները հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5.3 տոկոսի փոխարեն ընդամենը 1.6 տոկոս։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբլու արժեզրկումը խնդիրներ է ստեղծել հայաստանյան արտահանման ու ներմուծման համար«Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի մինուս 4.7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում: Միակը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու` մեր նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է», - նշեց Մարտին Գալստյանը:
Կենտրոնական բանկն այսօր որոշել է «մեծ քայլով»՝ միանգամից 1.25 տոկոսով բարձրացնել գնաճը զսպող գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9.25 տոկոս։ Ավելին, ԿԲ-ն հայտարարում է՝ տնտեսական հեռանկարի անորոշության ու գնաճային սպասումների պահպանման դեպքում առաջիկայում նույնպես կդիտարկի դրամավարկային պայմանների խստացման անհրաժեշտությունը։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի այսպիսի խստացումները, ըստ ԿԲ-ի, կնպաստեն 12-ամսյա գնաճի նվազմանը, այն կմոտենա թիրախային 4 տոկոս ցուցանիշին։ Փետրվարին 12-ամսյա գնաճը 6.5 տոկոս է կազմել, ամբողջ 2021 թվականին՝ 7.7 տոկոս։ Այժմ հատկապես արագ են բարձրանում սննդամթերքի գները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խոպանչիների գյուղ» Երանոսի տղամարդիկ նույնիսկ ռուբլու անկման շրջանում էլ Ռուսաստան են պատրաստվում գնալ` աշխատելուԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ հիմա բոլորը սպասում են, թե երբ է ավարտվելու ռուս-ուկրաինական առճակատման ակտիվ փուլը, ինչն իր հերթին որոշակի նոր տնտեսական իրողություններ է ստեղծելու։ Ըստ Կենտրոնական բանկի` խնդրահարույց է դեպի Ռուսաստան արտահանումների հարցը։ Ռուսաստանը Հայաստանի համար մեկ տնտեսական գործընկերն է, անցած տարի դեպի այդ երկրի արտահանման գրեթե 850 միլիոն դոլար է կազմել:
«Իրավիճակը բավականին խայտաբղետ է այդ առումով. կան ընկերություններ, որոնք ունեն կոնտրակտներ ամերիկյան դոլարով, բայց մյուս անգամ արդեն կոնտրակտ կնքելիս ակնկալում են, որ դա ֆիքսվելու է ռուսական ռուբլիով: Կան ընկերություններ, որոնք այս պահի դրությամբ ակնկալում են, որ իրենց կվճարեն ռուսական ռուբլիով, ու բնականաբար, իրենց վրա էական ազդեցություն կունենա այդ պահի վճարման ժամանակ ռուբլի-դոլար կամ ռուբլի-դրամ փոխարժեքը, իսկ կան ընկերություններ, որոնք բանակցում են մատակարարների հետ ընդհանրապես իրենց գումարները ստանալու ուղղությամբ, որովհետև որոշակի այդտեղ էլ խնդիրներ կան», - ընդգծեց ԿԲ նախագահը:
Այս շաբաթներին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ են Հայաստան գալիս, շատերն այստեղ ֆինանսական գործարքներ են կնքում, դոլար գնում։ ԿԲ նախագահը հայտնեց՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի Հայաստանում հաշիվ է բացել։ Մարտին Գալստյանը, սակայն, ընդգծեց՝ տարադրամի արտահոսքը կանխելու համար շուկային միջամտելու անհրաժեշտություն գլխավոր դրամատունը չի տեսնում։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի հետ աշխատանքը դադարեցնելու դիմումին, ապա Գալստյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ դրա հետ կապված արհեստական աղմուկի կարիք չկա, Կենտրոնական բանկը հստակ շարունակում է իր գործունեությունը։