Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների, այսօր «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Բաքվի հրապարակած 5 կետանոց առաջարկին՝ նկատելով՝ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։

«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, արդեն իսկ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունել են, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ», - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ շեշտելով՝ ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների:

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացների վերաբերյալ Բաքվի առաջարկին՝ Միրզոյանը վերահաստատեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն։

«Մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է», - ասել է արտգործնախարարը։

Հարցին, թե ի՞նչ ձևաչափում է տեսնում խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունները, Միրզոյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Օրեր առաջ Երևանը հայտարարեց, որ առաջիկայում հնարավոր է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։ Բաքուն իր հերթին հայտարարեց, թե հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ է ներկայացրել Երևանին և սպասում է պատասխանի։ Հայաստանի արտգործնախարարությունը երեկ պատասխանեց Ադրբեջանի առաջարկներին՝ հայտարարելով, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ առանց հստակեցնելու՝ ընդունել, թե մերժել են Բաքվի առաջարկները։ Պաշտոնական Երևանի այս հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն բացահայտեց փաթեթի բոլոր 5 կետերը, կամ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են ձևակերպում՝ «Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նախապայմանները»։

Փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են.

-Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,

-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,

-Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից,

-Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,

-պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները: