Պատերազմի 19-րդ օրը շարունակվում են խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունները, թիրախում են Կիևը և Դոնեցկը

Պատերազմի 19-րդ օրը Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են օդային և հրթիռային հարվածներ հասցնել երկրի ողջ տարածքով մեկ, այդ թվում` մայրաքաղաք Կիևում։ Այսօր առավոտյան ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Անտոնովի անվան ավիացիոն գործարանն ու Օբոլոնի շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկը, ինչի հետևանքով, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, երկու խաղաղ բնակիչ զոհվել է, ևս երեքը վիրավորվել են։ Շենքի բնակիչներից ոմանց, ի դեպ, թվացել էր, որ դա ոչ թե ռմբակոծություն է, այլ Կիևի ուղղությամբ լայնածավալ ռուսական հարձակման սկիզբը։

Լուսադեմին ռուսական ուժերը հթրիռակոծել են նաև երկրի արևմուտքում գտնվող Ռովնո մարզկենտրոնի հեռուստաաշտարակը ինչի հետևանքով ողջ մարզում դադարեցվել է ուկրաինական հեռուստաալիքների հեռարձակումը։

Կատաղի մարտեր են նաև երկրի արևելքում, հատկապես Դոնբասում: Ռուսաստանի ՊՆ -ն մի քանի ժամ առաջ տեղեկացրեց, որ ուկրաինական ստորաբաժանումները հրթիռակոծել են Դոնեցկի բնակելի թաղամասերը։

«Այսօր` մարտի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով 11.30-ի սահմաններում, «Տոչկա Ու» մարտավարական հրթիռով հարված է իրականացվել Դոնեցկի բնակելի թաղամասերին։ Քաղաքը հրթիռակոծվել է հյուսիս-արևմուտքում գտնվող Կրասնոարմեյսկ բնակավայրի շրջանից, որը վերահսկվում է ուկրաինական ազգայնական ստորաբաժանումների կողմից։ Հրթիռակոծության հետևանքով 20 մարդ զոհվել է, ևս 28-ը՝ այդ թվում` երեխաներ, ծանր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ», - հայտարարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ուկրաինական կողմը, սակայն, կտրականապես հերքում է Մոսկվայից հնչող մեղադրանքները՝ հայտարարելով, որ ռուսներն իրենք են ռմբակոծել Դոնեցկը։

«Ուզում եմ ասել, որ դա միանշանակորեն ռուսական հրթիռ էր կամ մեկ այլ զինատեսակ։ Ռուսական քարոզչությունն արդեն ութ տարի է` պնդում է, որ Ուկրաինայի ԶՈւ ռմբակոծում են Դոնեցկը և մյուս խաղաղ բնակավայրերը։ Բայց դուք ինքներդ կարող եք տեսնել, թե ինչ վիճակում է Դոնեկցը՝ այս ութ տարիների ընթացքում, և ինչ վիճակում են Խարկովը կամ Մարիուպոլը ռուսական օկուպացիոն զորքերի ռմբակոծություններից հետո, որոնք գործնականում շարունակվում են արդեն երկու շաբաթ», - Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարում էր Ուկրաինայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեոնիդ Մատյուխինը։

400 հազար բնակիչ ունեցող ծովափնյա Մարիուպոլումարդեն մի քանի օր է ,ինչ փողոցային մարտեր են. Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը կիրակի օրը հաստատեց, որ ռուսական զորքերին հաջողվել է գրավել քաղաքի արևելյան թաղամասերը։

Մարիուպոլի խաղաղ բնակչության մեծամասնությունը մինչև մարտական գործողությունների մեկնարկը քաղաքից հեռանալ չի կարողացել՝ պատսպարվելով շենքերի նկուղներում։ Պաշտոնական Կիևը անցած գիշեր ստիպված էր խոստովանել՝ քաղաքն ապաշրջափակելու հնարավորություն ուկրաինական բանակը չունի։

«Մարիուպոլում մենք բավարար զորք ունենք, որպեսզի հակառակորդն այն գրոհով չվերցնի։ Բացասական կողմը, սակայն, այն է, մեր զորքերը Մարիուպոլին մոտենալ չեն կարող։ Վոլնովախայի շրջանում նրանց գործողությունները կաշկանդված են ռուսական զորքերի հարվածներով, իսկ Զապորոժյեից մինչև Մարիուպոլ շատ հեռու է՝ մոտ 300 կիլոմետր բաց դաշտով ռուսական հարվածների ներքո», - կիրակի ուշ երեկոյան կիևյան ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Վերջին երկու օրերի պատերազմական ևս մեկ կարևորագույն դրվագն արձանագրվեց ռազմաճակատի գծից հարյուրավոր կիլոմետրեր արևմուտք՝ Լվովի մարզում։ Կիրակի օրը լուսադեմին ռուսական բանակը «Կալիբր» տեսակի հեռահար հրթիռներով ռմբակոծեց Յավորիվ բնակավայրի մերձակայքում գտնվող Խաղաղապահ գործունեության և անվտանգության միջազգային կենտրոնը։ Երկրի խոշորագույն այս ռազմակայանը պատերազմի սկզբից ի վեր կամավորների հավաքագրման և արագացված վարժանքների հիմնական կետն էր, ինչն, ի դեպ, ուկրաինական կողմը չէր էլ թաքցնում։

Ռուսական հարվածից մի քանի օր առաջ այստեղ էին նաև Մոսկվայի հետ բանակցություններ վարող ուկրաինական պատվիրակության ղեկավարները՝ Միխաիլ Պոդոլյակն ու Դավիթ Արախամիան։ Ռուսական զինուժը պնդում է, որ Յավորիվի զորավարժարանում ոչ միայն ուկրաինացի, այլև երրորդ երկրներից ժամանող կամավորներն էին մարզվում։ Ռուսաստանի ՊՆ պնդմամբ` կիրակնօրյա հարվածի հետևանքով 180 մարդ է զոհվել, ուկրաինական կողմը հաղորդում է 35 զոհի և ավելի քան 130 վիրավորի մասին։

Լվովի մերձակայքում տեղի ունեցած իրադարձությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկում ստիպեցին ևս մեկ անգամ կոչ անել Արևմուտքին Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիքչային գոտի հայտարարել։

«Նորից եմ կրկնում՝ եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա զուտ ժամանակի խնդիր է, թե երբ ռուսական հրթիռները կհարվածեն ՆԱՏՕ- տարածքին, ՆԱՏԻ-ի անդամ պետությունների քաղաքացիների տներին», - հայտարարեց Վլադիմիր Զելենսկին։