Այսօր տեղի է ունենում պատերազմն ավարտելու խնդրով ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը: Ի տարբերություն Բելառուսի տարածքում կայացած առաջին երեք հանդիպումների՝ այս մեկն ընթանում է հեռավար եղանակով տեսակապի միջոցով:
Ուկրաինական պատվիրակության անդամ, նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Միխայլո Պոոդոլյակը բանակցությունների մեկնարկից առաջ հայտնել է, որ «սպասվում են բարդ քննարկումներ»:
Նրա փոխանցմամբ, ուկրաինական կողմը պնդելու է իր պահանջները, որոնց թվում են կրակի դադարեցումը, ռուսական զորքի դուրսբերումը և անվտանգության երաշխիքների ապահովումը:
«Չնայած Ուկրաինայի համառ դիմադրությանը՝ Ռուսաստանը դեռ հուսով է, թե խաղաղ բնակչության դեմ 19 օր տևող բռնությունն է ճիշտ մարտավարությունը»,- հայտարարել է նախագահի խորհրդական Պոդոլյակը:
Նա նշել է, որ բանակցությունների օրակարգում է նաև պաշարված քաղաքների բնակիչների ծանրագույն վիճակը բարելավելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ ռուսական և ուկրաինական կողմերը, չմանրամասնելով, նկատել են տվել, թե բանակցություններում որոշակի առաջխաղացում է գրանցվել:
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ երբեք չեն ընդունի Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու և Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների «անկախությունը» ճանաչելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջները:
Միաժամանակ Կիևում ակնարկել են, թե կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից, եթե Ռուսաստանի կողմից ստանան անվտանգության հստակ երաշխիքներ: