Ուկրաինա ռուսական ներխուժման19-րդ օրը Կրեմլը հրաժարվում է ասել, թե պատերազմն ինչքան է շարունակվելու։ Հերքելով պնդումները, թե ռուսական բանակը տապալել է Կիևը արագ գրավելու Պուտինի պլանը, Կրեմլի խոսնակն այսօր հերթական անգամ պնդել է, թե իբր «ռազմական գործողություններն ընթանում են ըստ իրենց պլանի և կավարտվեն ժամանակին»։ Երբ՝ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է ասել։
Նա փոխարենը պնդել է, թե ռուսական բանակը Ուկրաինայի խոշորագույն քաղաքները երկու շաբաթից ավելի է՝ չի նվաճում, ոչ թե որովհետև չի կարողանում կոտրել ուկրաինացիների դիմադրությունը, այլ որովհետև Պուտինն է այդպես պատվիրել։ Ըստ Պեսկովի` Ռուսաստանի նախագահը սկզբում իբր հրամայել էր չգրոհել խոշոր քաղաքները, սակայն այժմ նման հարձակում կարող է տեղի ունենալ, և դրանում մեղավոր են լինելու արևմտյան առաջնորդները։
Պեսկովն այսօր բառացի ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը դրդում են ռուսական կողմին գրավել Ուկրաինայի խոշոր քաղաքները։ Պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտարարել է, թե չի բացառում, որ ռուսական կողմը իր վերահսկողության տակ վերցնի Ուկրաինայի բոլոր խոշոր բնակավայրերը։
Այս ֆոնին այսօր մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը։ Բանակցությունները Բելառուսի տարածքից տեղափոխվել են օնլայն հարթակ։
«Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն առցանց ձևաչափով ներկայացնում են իրենց վերանայված դիրքորոշումները», - հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը. «Կողմերն ակտիվորեն ներկայացնում են իրենց հստակեցրած դիրքորոշումները, զրույցը շարունակական է, բայց բարդ, պատճառը չափազանց տարբեր քաղաքական համակարգերն են», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում:
Բանակցություններից առաջ նա հատուկ տեսաուղերձում նշել էր. «Սպասվում են բարդ բանակցություններ, ուկրաինական կողմը պնդելու է իր պահանջները՝ ներառյալ զինադադար, զորքերի դուրսբերում և անվտանգության երաշխիքներ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշերն ասել էր, թե կողմերը պետք է համաձայնեցնեն երկու երկրների նախագահների հանդիպումը։ Կրեմլը ավելի վաղ հայտարարել էր, թե սկզբունքորեն Զելենսկի-Պուտին հանդիպումը հնարավոր է համարում։
Թեև թեժ մարտերը շարունակվում են թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը խոսում են բանակցություններում որոշ տեղաշարժի մասին։ Նախօրեին Զելենսկին, մասնավորապես, նշել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են զրուցել։ Իսկ Պուտինն ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել էր, թե բանակցություններում որոշ դրական տեղաշարժ կա։
Առայժմ ոկղմերի միջև ամենաբարձ մակարդակով հանդիպումը եղել է անցած շաբաթավերջին Թուրքիայում՝ արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի միջև:
Մոսկվան շարունակում է պահանջել Կիևից՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցությունից, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը և Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Կիևը հնարավոր է համարում միայն առաջին կետը։ Ընդ որում ռուսական պահանջները հիմնականում չեն փոխվել, գոնե հրապարակավ, չնայած Արևմուտքի պատժամիջոցներին և ռազմական վերլուծաբանների գնահատականին, թե Կիևը և այլ կարևոր քաղաքներ արագ գրավելու ռուսական ծրագիրը տապալվել է։
Երեկ ամերիկյան լրատվամիջոցները, այդ թվում` Reuters-ը, Financial Times-ը, The New York Times-ը և The Washington Post-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրին, գրել էին, թե Ռուսաստանը ռազմական տեխնիկայի հարցում օգնություն է խնդրել Չինաստանից: Reuters-ը նշում է, որ սա առաջացրել է Արևմուտքի անհանգստությունը, և Վաշինգտոնը պատրաստվում է բանակցել այս հարցով Պեկինի հետ։ Կրեմլի խոսնակը, սակայն, այսօր հերքել է այս մասին հաղորդումները։ Իսկ Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Պեկինին զգուշացրել է՝ Ռուսատսանին օգնելու դեպքում կլինեն անխուսափելի հետևանքներ։
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ աջակցություն է Չինաստանը ցուցաբերում Ռուսաստանին` որևէ աջակցություն, նյութական կամ տնտեսական աջակցություն: Եվ մենք Պեկինին հայտնել ենք, որ մենք կողքից չենք նայելու և թույլ չենք տա, որ որևէ երկիր փոխհատուցի Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցներից կրած վնասները»:
Ռուսաստանի կողմից արդեն երրորդ շաբաթը Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի, փախստական է դարձել ավելի քան 2,8 միլիոն մարդ, սպանվել են հազարավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ։ Զոհերի մասին ստույգ տվյալներ, սակայն, դեռևս չկան։