Հայաստանն ունի պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները. Կառավարություն

Առավոտից Երևանի խանութներում շատերն էին ալյուր, շաքարավազ և ձեթ գնում։

Անսովոր իրարանցումը սկսվեց Ռուսաստանի կառավարության երեկվա որոշումից հետո։ Աշխարհում ցորենի թիվ մեկ մատակարարը, մասնավորապես, հայտարարեց, թե ժամանակավոր՝ մինչև սեպտեմբեր, դադարեցնում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը Երասիական տնտեսական միություն, որի անդամ է նաև Հայաստանը։

Աշխատանքային օրվա ավարտին էկոնոմիկայի նախարարությունը խախտեց լռությունն ու հայտարարեց, թե «Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ»։

Ըստ հաղորդագրության, մինչ այս պահը Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով, և նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։

«Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել», - հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։

Հայաստան ցորեն ներկրող խոշոր ընկերություններից երկուսի ղեկավարները, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունը, «Ազատությանը» այսօր հավաստիացրեցին, որ լուրջ խնդիրներ չեն տեսնում․ արդեն իսկ ամբարել են զգալի քանակությամբ ցորեն, մինչ օրս մատարկարարումների սառեցման մասին ռուսաստանցի գործընկերներից տեղեկություն չեն ստացել, և վերջապես՝ անհրաժեշտության դեպքում կարող են ցորեն ներկրել նաև այլ երկրներից։

Ռուսաստանի կառավարությունը երեկ պարզաբանել էր, թե ԵԱՏՄ երկրները այս տարի արդեն իսկ գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները՝ առանց մաքսատուրքերի, և նման որոշման նպատակն է թույլ չտալ, որպեսզի ռուսական ցորենը դուրս բերվի միության տարածքից և հասնի երրորդ երկրներ։ Հաղորդվում է նաև, որ այս հարցի շուրջ առաջարկությունները պետք է քննարկման դրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ հաջորդ շաբաթ կայանալիք նիստում։

Կարո՞ղ են, արդյոք, ԵԱՏՄ անդամները դեմ գնալ Ռուսաստանի կառավարության որոշմանը, թե քննարկումը միայն արարողակարգային բնույթ է կրելու՝ պարզ չէ։

Պաշտոնական վիճակագրությամբ, Հայասանը ներքին շուկային անհրաժեշտ ցորենի երեք քառորդը ներմուծում է Ռուսաստանից։ Վիճակագրական կոմիտեի և Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, անցած տարի Հայաստանում սպառվել է 367 հազար տոննա ցորեն, որից ընդամենը մեկ քառորդը՝ 97 հազար տոննան է տեղում աճեցվել։

Ընդ որում, այս ծավալները գնալով նվազել են․ եթե 2018-ին Հայաստանում աճեցվել է 187,5 հազար տոննա ցորեն, ապա անցած տարի այդ ցուցանիշը գրեթե կիսով չափ կրճատվել է։ Բացի այդ, կտրուկ նվազել է բերքատվությունը. 2018-ին մեկ հեկտարից ստացվել է մոտ 2,8 տոննա ցորեն, անցած տարի՝ գրեթե 1,7 տոննա` չնայած գյուղատնտեսությունը արդյունավետ դարձնելու կառավարության շարունակական խոստումներին։

Թադևոս Ավետիսյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով, ցորենի արտահանումը դադարեցնելու մասին Ռուսաստանի կառավարության որոշման ազդեցությունը կարող է մեղմվել, եթե կառավարությունը արդյունավետ քայլեր ձեռնարկի, առաջին հերթին իրապես խթանելու տեղի արտադրությունը. - «Վրաստանը էապես փոխել է իր քաղաքականությունը գյուղատնտեսության նկատմամբ՝ պայմանավորված քովիդով և այս նոր մարտահրավերներով. ծախսերի սուբսիդավորում և, որ ամենակարևորն է՝ հաստատուն գին պարենային որոշակի անվտանգություն ներկայացնող ապրանքների, որ անկախ շուկայի փոփոխություններից, էդ գնով ողջ ծավալի իրացման երաշխավորություն։ Եվ ամենակարևորը՝ ցույց է տվել ֆերմերին և գյուղացուն, որ ձեր ջանքի դիմաց, ձեր չարչարանքի դիմաց դուք երաշխավորված էս չափի և տրամաբանական շահույթ եք ստանալու»։

Նա հավելեց, որ լավ կլինի, որ Հայաստանում էլ այդպես լինի։

Հացահատիկից բացի Ռուսաստանը ժամանակավորապես արգելափակում է նաև շաքարի արտահանումը եվրասիական տարածքից դուրս։ Այս ապրանքատեսակով էլ Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանից։ 2020 թվականի տվյալներով, Հայաստան ներմուծված ձեթի 97 տոկոսը և ներմուծված շաքարի ավելի քան 43 տոկոսը Ռուսաստանից է։