Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սահմանափակում է ցորենի արտահանումը ԵԱՏՄ, այդ թվում՝ Հայաստան


Ռուսաստանը ժամանակավորապես արգելում է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, սահմանափակումը տարածվում է ցորենի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը։ Բացի այդ, արգելվում է շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության տարածքից դուրս։

Ըստ ՌԴ գյուղատնտեսության նախարարության, որոշման նպատակն է թույլ չտալ, որ ռուսական ցորենը երրորդ երկրներ հասնի ԵԱՏՄ տարածքից։ «Միության երկրները այս տարի արդեն գնել են իրենց անհրաժեշտ ցորենի ծավալները՝ առանց մաքսատուրքերի»,-հաղորդել է կառավարությունը։

Ռուսաստանն աշխարհում ցորենի առաջին մատակարարն է։ Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, այդ երկիրը 2020-ին արտահանել է ավելի քան 35 միլիոն տոննա հացահատիկ։

«Մեր նպատակն է ապահովել Ռուսաստանի պարենային անվտանգությունը և պաշտպանել ներքին շուկան ստեղծված իրավիճակում»,-հայտարարել է Ռուսաստանի կառավարությունը։

Հաղորդվում է, որ այս հարցի շուրջ առաջարկությունները պետք է քննարկման դրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մարտի 17-ին կայանալիք նիստում։

Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից հետո Արևմուտքը աննախադեպ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով տնտեսության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG