Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ այսօր, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան:
Ոստիկանությւոնը նաև նշում է, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը թե՛ Արցախում և թե՛ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, իսկ ադրբեջանական զինուժն իբր պատասխան միջոցներ է ձեռնարկել։
Երկու շաբաթ է՝ Ասկերանի շրջանի Խրամորթն է ադրբեջանական ստորաբաժանումների թիրախում, մարտի 8-ի երեկոյան էլ գյուղի ուղղությամբ ականանետի արկեր էին պայթել, իսկ երեկ էլ հաղորդվեց, որ Խրամորթի 51-ամյա բնակիչ Սուրեն Բաղրյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Ականը պայթել էր տան բակում: Մարտի 9-ի երեկոյից էլ ողջ գիշեր միայն Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական կողմը ականանետի 23 արկ էր կիրառել, երեխաներին, կանանց մեծ մասին տղամարդիկ տեղափոխել են գյուղից։
Փետրվարի կեսերից անհանգիստ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմանները. օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ էր հակառակորդը կրակել, երկու զինծառայողներ վիրավորվեցին, մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացավ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գյուղը լքելու ադրբեջանական կոչերը խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն». Հունան Թադևոսյան