Ադրբեջանն այժմ փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ Ռուսաստանն այս պահին զբաղված է Ուկրաինայի դեմ պատերազմով և այլ առաջնահերթություններ ունի, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում վերջին օրերի սրացումը՝ ասում է արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Մի կողմից շոշափում է ռուսական արձագանքը, մյուս կողմից, կարծում եմ, փորձ է անելու ինչ-որ լոկալ, տակտիկական մակարդակի հաջողությունների հասնել», - «Ազատությանն» ասաց Գրիգորյանը։
Երեկ Արցախի դատախազությունը հայտնեց՝ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտելով բնակիչների ազատ տեղաշարժը։
Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ էին
Նախորդ օրերին թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններն անհանգիստ էին։ Բաքուն կամ հերքում է այս տեղեկությունները, կամ էլ հայկական կողմին մեղադրում կրակ բացելու համար։
Քաղաքագետը նշում է՝ ադրբեջանական մամուլը ավելի վաղ գրում էր գարնանը սպասվող հայ-ադրբեջանական սահմանի սրացման նոր փուլի մասին։
«Եվ այդ սրացման նպատակը սահմանին այն է լինելու, որպեսզի Հայաստանին կրկին ռազմական դիվանագիտության միջոցով դրդեն ավելի ակտիվանա հայ-ադրբեջանական համատեքստում տեղի ունեցող տարբեր գործընթացներում, մասնավորապես, դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացում։ Ադրբեջանցիները վերջին շաբաթների ընթացքում դժգոհություն էին հայտնել, որ այդ գործընթացը պասիվացել է և Հայաստանն ակտիվություն չի ցուցաբերում։ Գիտենք, որ Հայաստանը, մեծ հաշվով, նշում է, որ այլ գործընթաց սկսելու համար պետք է նպաստավոր մթնոլորտ ստեղծվի սահմանին, վարչապետը խոսում է հայելային հետքաշման մասին», - ասաց քաղաքագետը։
Օրերս հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող զոհվեց, ևս մեկը՝ վիրավորվեց։ Ադրբեջանական կրակոցները հատկապես պարբերական են դարձել Աղդամին սահմանակից Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։