Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Թուրքիա է մեկնում: Թուրք-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնող Շուշիի հռչակագրի վավերացումից հետո Ադրբեջանի նախագահն առաջին անգամ կլինի Թուրքիայում։ Անկարայում Ալիևին կընդունի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու առաջնորդների հանդիպման օրակարգում կլինի ուկրաինական ճգնաժամը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այլընտրանքային էներգետիկ ուղիները:
Տարածաշրջանային ակտիվ զարգացումների ֆոնին այս շաբաթ Թուրքիան մի շարք կարևոր հանդիպումների հարթակ է դարձել: Ուշադրության կենտրոնում են հատկապես պատերազմող Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները։ Դմիտրի Կուլեբայի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի նախօրեին, դրան կմասնակցի Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Ուկրաինայի արտգործնախարարի խոսքով՝ հանդիպումը պլանավորվել է Թուրքիայի արտգործնախարարի շնորհիվ։ «Ես չգիտեմ՝ արդյոք Էրդողանը համոզել է Պուտինին կամ Լավրովին, բայց հանդիպումը տեղի կունենա», - ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Կուլեբան՝ նշելով, որ արդեն երկու տարի Լավրովը խուսափել է իր հետ դեմ առ դեմ հանդիպումներից, հիմա հանկարծ համաձայնվել է, գուցե ցանկանում է ինչ-որ բան փոխանցել։ «Մենք կլսենք, բայց ես նրա հետ խոսելու եմ՝ հասկանալով, որ Լավրովը Ուկրաինայի դեմ ագրեսիայի ճարտարապետներից մեկն է», - ասել է Կուլեբան։
Հարցին, թե բանակցությունների ընթացքում քննարկվելո՞ւ են Ռուսաստանի կողմից բռնազավթված Ղրիմի և Դոնբասի հարցերը, Կուլեբան ապատասխանել է՝ «Ուկրաինան այն վիճակում չէ, որ բանակցություններում որևէ բան զիջի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը հուսով է՝ Լավրովը և Կուլեբան կկարողանան «հրադադար հաստատել»
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ռուս և ուկրաինացի նախարարների հանդիպման արդյունքում կհաջողվի երկարատև հրադադար հաստատել:
«Մեր ցանկությունն է, որպեսզի Ուկրաինայում րոպե առաջ դադարեն բախումները և կրկին խաղաղություն ու կայունություն հաստատվի: Թուրքիան կշարունակի ջանքերը այս ուղղությամբ», - հայտարարել է Էրդողանը։
Նա ընդգծել է, որ պատերազմում հաղթողներ չկան, և ինքը նախագահներ Պուտինի ու Զելենսկու հետ հեռախոսազրույցներում շեշտել է հակասությունները ոչ թե կոշտ ուժով, այլ երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու անհրաժեշտությունը:
Ռուս-ուկրաինական ճգնաժամի ամենասկզբից Թուրքիայի ղեկավարն այս հարցով ավելի քան 20 հեռախոսազրույց է ունեցել արտաքին գործընկերների հետ: Արևմտյան մամուլի գնահատմամբ՝ Էրդողանի դիվանագիտական ակտիվ ջանքերը կարող են վերականգնել նրա խաթարված միջազգային հեղինակությունը:
Երկկողմ հարաբերությունները ընդլայնելու օրակարգով երեկվանից երկօրյա այցով Թուրքիայում է նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը: Սա վերջին 14 տարիների ընթացքում Իսրայելի առաջնորդի առաջին այցն է Թուրքիա, որի հետ Թել Ավիվը մեծ հույսեր է կապում, մասնավորապես՝ իսրայելական գազի շուրջ համագործակցության հեռանկարի համատեքստում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2008-ից ի վեր առաջին անգամ Իսրայելի ղեկավարը պաշտոնական այցով Թուրքիայում էՇաբաթավերջին Անկարա կայցելի նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: