Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի քանի օրից կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին, այս մասին հայտնում են արտաքին գերատեսչությունից՝ առանց այլ մանրամասների, թե ֆորումի ընթացքում նախատեսվո՞ւմ է Միրզոյանի հանդիպումը թուրք գործընկերոջ կամ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցչի հետ, և արդյոք Անթալիա կմեկնի՞ նաև Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Միրզոյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն այսօր «Ազատությանը» հայտնեց, որ այս պահի դրությամբ, Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանը ներկայացնելու է նախարար Արարատ Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կբանակցեն ԱնթալիայումՖորումն այս տարի անցկացվելու է մարտի 11-ից 13-ը։ Ըստ պաշտոնական կայքի, ֆորումին ներկա կգտնվեն ավելի քան 2000 առաջնորդներ, դիվանագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Պաշտոնական կայքում մասնակիցների շարքում նաև նշվում է հայաստանցի վերլուծաբան, տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի անունը։ Ֆորումում քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին նախատեսվում է նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունը՝ թուրքական կողմի մասնակցությամբ։
«Դա փորձում են Թուրքիայում ներկայացնել որպես թուրքական դաոս, դա է հիմնական նպատակը: Տարբեր երկրների ներկայացուցիչներ, արտգործնախարարներ, նախագահներ, հայտնի լրագրողներ մասնակցում են և եթե այդտեղ ներկայացված լինի նաև Հայաստանը արտգործնախարարի մակարդակով, կարծում եմ, այդտեղ ոչ մի վնասակար բան չկա», - նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետը մեծ սպասումներ չունի Անթալիայի ֆորումին Հայաստանի մասնակցությունից
Վերջին տասնամյակում սա առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյայի այցն է Թուրքիա: Վերջին անգամ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր այցելել հարևան պետություն, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մեծ սպասումներ չունի ոչ միայն Անթալիայի ֆորումին Հայաստանի մասնակցությունից, այլև հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման արդեն 4-րդ փորձից։
«Հիմա այդ չորրորդն էլ, եթե դատենք պատմական փորձի հիման վրա, պետք է եզրակացնենք, որ դժվար թե արդյունք ունենա: Թուրքիան անընդհատ ձգտում է ինչ-որ մի բանի հասնել ու դրա իմաստը հետևյալն է, որ նա փորձում է արցախյանի վերջին պատերազմից հետ, որ ստատուս քվոն մեր տարածաշրջանում խախտվեց, փորձում է նոր ձևավորվող ստատուս քվոում ավելի մեծ դերակատարում ունենալ», - ընդգծեց թուրքագետը:
Երևանում քաղաքացիների սպասելիքներն էլ դեռ մեծ չեն հայ-թուրքական հաշտեցման առումով։ Նրանց մի մասն այսօր ընդհանարապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, բայց կային և՛ կողմ, և՛ դեմ քաղաքացիներ։
Վերջին հարցումներից մեկի համաձայն՝ թեև հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը, միևնույն ժամանակ, 90 տոկոսը կարծում է, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փորձագետները կարևորում են, որ Երևանն ու Անկարան հստակ պատկերացնեն իրենց ակնկալիքները, ՀՀ-ն սահմանի «կարմիր գծերը»Այսօր պաշտոնական Անկարայից էլ արձագանքեցին Հայաստանի արտգործնախարարի որոշմանը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսնակը հայտարարել է. «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»:
Կարգավորման այս նոր փորձի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները արդեն երկու հանդիպում են ունեցել՝ մեկը Մոսկվայում, մյուսը Վիեննայում։ Վերջին հանդիպումից հետո կողմերը վերստին հայտարարեցին, թե պատրաստակամ են շարունակել գործընթացը առանց նախապայմանների, և վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։
«Նրանց համար դա չի կարևորը, նրանց համար կարևոր է, որ դրա համար նրանք ստանան որոշակի գին», - ասաց Սաֆրաստյանը:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը թերահավատ է, թե թուրքական կողմը պատրաստ է գնալ կարգավորման առանց իր նախապայմանների՝ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի սահմանների ու Արցախի՝ Ադրբեջանի կազմի մեջ ճանաչում։ Այս հարցերը, ըստ Սաֆրաստյանի, հայկական կողմի համար պետք է կրամիր գիծ լինեն։ Թուրքական կողմը լավ է պատրաստվում այս բանակցություններին, իսկ թե հայկական կողմում ինչպես մոտենում գործընթացին, բանագնացների երկրորդ հանդիպումից առաջ արտգործնախարարությունում հյուրընկալված թուրքագետը դժվարանում է ասել։
Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ է կայանալու հայ ու թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը, կողմերը դեռ լռում են այդ մասին։