Ադրբեջանում արդեն 9 ամիս պահվող հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանն ու Վլադիմիր Ռաֆայելյանը օրերս դատապարտվել են 19 և 18 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նաև տեղեկացնելով, որ ըստ դատավճռի՝ նրանք պատժի առաջին ինը տարին կկրեն բանտում, ապա խիստ ռեժիմի կալանավայրում։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սիրանուշ Սահակյանը ասում է՝ խախտվել է այս ռազմագերիների արդար դատաքննության իրավունքը, Սարգսյանն ու Ռաֆայելյանը իրավաբանական օգնությունից զրկված են եղել, չի ապահովվել միջազգային դիտորդական ներկայություն։
«Արդար դատաքննության իրավունքը որևէ կերպ չի հարգվում, լրջագույն խախտումներ են լինում պաշտպանության իրավունքի մասով: Որևէ միջազգային ներգրավվածություն, որը կարող էր ապահովել անկախությունը կամ անաչառությունը հայ ռազմագերիների նկատմամբ, չի ապահովվել։ Պարզապես արտաքին քաղաքական տեսանկյունից օգտագործում են այս դատավճիռները` իրենց պատերազմական հանցագործությունները կոծկելու նպատակով», - նկատեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում ավարտին է մոտենում հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի ու Վլադիմիր Ռաֆայելյանի դատավարությունըՊայմանագրային զինծառայողները գերի էին ընկել անցած մայիսին Գեղարքունիքի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Նրանց հետ գերեվարվել էին ևս 4 զինծառայող, որոնք հունիսին հայրենադարձվել էին։ Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են հրազենով ահաբեկչություն կատարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պետական սահմանն ապօրինի հատելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն հայտարարել էր՝ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի տարածքում և չեն հատել սահմանը։
«Ի սկզբանե այս դատավարություններն օրինական չեն եղել, և բարեբախտաբար, դրանք վերջնական ակտեր չեն, քանի որ գործում են միջազգային կոնվենցիաները, և Եվրոպական դատարանը իրավասու է բավարար հսկողություն իրականացնել այս դատվճիռների նկատմամբ: Կարծում եմ՝ ժամանակային հարցեր կարող են առաջանալ, բայց մեր քաղաքացիների իրավունքները լիարժեքորեն կարող են պաշտպանվել և վերականգնվել Եվրոպական դատարանի միջոցով, դատարանը կարող է արտոնագրել, որ արդար դատաքննության իրավունքը խախտված է եղել, և նրանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացնել», - ասաց Սահակյանը:
Պատերազմից հետո գերեվարված Սարգսյանի ու Ռաֆայելյանի գործից բացի, Ադրբեջանում այլ դատաքննություն այս պահին չի ընթանում։ Ըստ Սիրանուշ Սահակյանի` ավելի վաղ ևս 37-ը դատապարտվել են 6 ամսից մինչև ցմահ ազատազրկման, 1 անձի առնչությամբ դատավարության գործընթացի մասին տվյալներ դեռևս չկան։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում պահվող 38 գերիներից երեքը քաղաքացիական անձինք են։ Հայկական կողմի պնդմամբ, սակայն, գերիների թիվ հասնում է առնվազն 80-ի։