Կիևի հայկական համայնքի ներկայացուցիչ Դավիթ Մկրտչյանի ունեցած տեղեկություններով՝ տեղի բնակիչներն այսօր հիմնականում չեն կարողացել դուրս գալ մայրաքաղաքից, թեև առավոտյան Ռուսաստանը հայտարարել էր, թե մարդասիրական միջանցք է տրամադրում։
Ինչ վերաբերում է անցած օրերին բախումների կիզակետում գտնվող մեկ այլ՝ Մարիուպոլ քաղաքում դեռ երեկ բացված միջանցքին, ապա խաղաղ բնակիչների տարհանումն ուղեկցվել է կրակոցներով, բարեբախտաբար, վիրավորներ և զոհեր չկան։
«Մարիպոլ քաղաքի հետ կապված հայտարարվել էր 4 ժամ զինադադար, բայց դա տևել է 1.5 ժամ, բայց այն քանակի ավտոբուսները, որ մտել էին քաղաք, որոնք իրենց հետ բերել էին դեղորայք, սննդամթերք, ոչ բոլոր ավտոբուսները հասել են նախօրոք հայտարարված այն կետերին, որտեղ պետք է իրենք դատարկեին ապրանքը, ժողովուրդ վերցնեին և տարհանեին քաղաքից ավելի ապահով ռայոններ: Քանակությունն էլ չենք հասկանում` քանի հոգի են հանել Զապառոժյե ու ընթացքում նաև ենթարկվել են ռմբակոծության օդից», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց նա:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անցած շաբաթ հայտարարել էր, թե տարհանման հարցեր է քննարկում, բայց դեռևս չի հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ է արդյոք օդանավ ուղարկել Հայաստան գալ ցանկացողներին հայրենիք բերելու համար, թե ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չէինք պատկերացնում, որ կվերածվի լայնամասշտաբ պատերազմի. Ուկրաինայի հայ համայնքի փոխնախագահԱյսօր խորհրդարանում ուկրաինահայերի խնդիրներին անդրադարձած իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ևս հստակեցում չի մտցրել։ Պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայի հետ սահմանակից պետությունների միջոցով Հայաստան վերադառնալու համար, բայց իշխանական պատգամավորն այդպես էլ չի հստակեցրել, թե պատերազմից փախչող մարդիկ ինչ միջոցներով կարող են վերադառնալ Հայաստան։
Պատերազմի օրերին Կիևում աշխատող Հայաստանի դեսպանատունը, անցած ուրբաթ անվտանգության նկատառումներից ելնելով, աշխատակիցներին տեղափոխել է Լվով և Ուժգորոդ։ Դեսպան Վլադիմիր Կարապետյանն այսօր «Արմենպրեսին» ասել է, որ շարունակում են աջակցել իրենց դիմող հայերին, և որ Հայաստանի արտաքին գերատեսչության ջանքերով Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան Ուկրաինայից դուրս եկող Հայաստանի քաղաքացիներին թույլատրել են հատել իրենց ցամաքային սահմանային անցակետերն առանց վիզայի։
Կարապետյանն ասել է՝ չի կարող հստակ թիվ նշել, թե Հայաստանի քանի քաղաքացի է մնացել պատերազմական գոտում։ Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայից ժամանող հայերին, ինչպես նաև պատրաստ է Հայաստանը հատող Ուկրաինայի քաղաքացիներին տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ անկախ նրանց ազգությունից:
Հայաստանի կառավարությունը չի հրապարակում, թե քանի հայ և ուկրաինացի ընտանիք է տեղափոխվել Հայաստան։ Հստակ չէ նաև Ուկրաինային սահմանակից երկրներ տեղափոխված հայերի թիվը։ Մոլդովայի հայերի հոգևոր հովիվ Տեր Նժդեհ քահանա Քեշիշյանը ասում է՝ անցած շաբաթվանից Մոլդովա է տեղափոխվել մի քանի հարյուր ընտանիք։
Մոլդովայի հայերի հոգևոր հովիվն անընդհատ կապի մեջ է հայ փախստականների հետ, օգնում է նրանց ապաստանի, սննդի հարցերով. «Առաջին օրերին միայն հաշվել ենք` մոտավորապես 50 հազարից ավելի մարդ է մտել Մոլդովայի տարածք, մենք հատկապես հայերին փորձել ենք գտնել լավագույն տարբերակները` բնակարաններ ժամանակավոր, ուտելիք, դեղորայք և այլն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ուզում եմ, որ Պուտինը դադարեցնի այս խելահեղությունը». ակցիա Երևանում Ուկրաինայի դեսպանատան առջևԲոլորի հետ, ովքեր կապի մեջ են մեզ հետ, մենք փորձում ենք բոլոր տեսակի օգնություն բերել: Անգամ հատուկ ներկայացուցիչ ունենք այստեղ Արտգործնախարարությունից մեզ մոտ հիմա, ով եկել է, որ զբաղվի իրենց թղթաբանության հարցերով: Ում ինչ թուղթ պակասում է, որպեսզի վերադառնա Հայաստան, հնարավորության դեպքում այդ ներկայացուցիչը կազմակերպում է նաև դա, բոլորը անվճար հիմունքներով»:
Օդեսայից Մոլդովա փախչելու ճանապարհին է 57-ամյա տարեկան Անահիտ Հակոբյանը: Նա ընտանիքի հետ արդեն երրորդ անգամ է փախչում պատերազմից՝ առաջինը ղարաբաղյան առաջին պատերազմն էր, հետո, երբ տեղափոխվեցին Ուկրաինա, 2014-ին` ռուս-ուկրաինականը, երբ Դոնեցկից տեղափոխվեցին Օդեսա, հիմա էլ սա։
«Մենք ընտանիքով 3-րդ պատերազմն ենք վերապրում, չգիտեմ: Ուզում եմ անվտանգ տեղ գնալ, որ էլ չփախչեմ, երեք պատերազմ վերապրել ահավոր է», - ասում է նա:
Կինը պատմում է, թե ինչպես առավոտյան կրակոցներ լսեցին, փախան նկուղները, բայց երկար չէին կարող մնալ՝ ապահով չէր, սնունդ չկար։ Այդպես որոշեցին դուրս գալ արդեն հարազատ դարձած Օդեսայից. «Ապրում էինք, մի հիանալի առավոտ սկսեցին կրակել, պատսպարվեցինք նկուղներում, երեխաների հետ այլևս հնարավոր չէր նկուղներում ապրել»:
Արդեն երրորդ անգամ գաղթի ճամփան բռնած հայ կանայք խաղաղություն են ուզում։ Նրանք դիմում են քաղաքական գործիչներին՝ խնդրելով դադարեցնել պատերազմը. «Կուզեմ` խաղաղություն լինի, որ էլ չպատերազմեն, չսպանեն միմյանց, Աստծուն հավատան, եթե այդպես լիներ, պատերազմ չէր լինի»: