Արցախից տեղահանված փոքրիկները 44-օրյա պատերազմի հիշողություններն են պատմում, թե ինչպես ռումբերի առաջին պայթյունները լսելուն պես իրենց բազմանդամ ընտանիքները տեղավորվեցին մարդատար մեքենայում, ինչպես հասան ապաստարան, որտեղ մի քանի օր անցկացնելուց հետո մի կերպ տեղափոխվեցին Հայաստան։
«Ավտոյով գնացինք դպրոց, դպրոցի պադվալում մնացինք: Կրակոցները լսում էինք, դղդրում էր», - պատմում են երեխաները:
Սրանք Լոռու մարզի Դեբետ գյուղում «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) հիմնադրամի միջոցներով կառուցված 9 տների բնակիչների պատմություններն են, որ վերջին օրերին Ուկրաինայում ծավալված պատերազմից հետո ավելի հաճախ են հիշում։ Հեռուստատեսությամբ երևացող փլատակներից իրենք էլ են տեսել, զգացել այդ վիշտն ընդամենը մեկուկես տարի առաջ։
Փոքրերն արդեն Արցախի իրենց տնից քիչ բան են հիշում. «Երկու հարկանոց, մեծ տուն էր, սարքած, հայաթը մեծ»:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նորակառույցները 10 տարով անհատույց տրամադրել է նույն ճակատագիրն ունեցող այս ընտանիքներին։ Ամենամեծը Գրիգորյանների 10 հոգանոց ընտանիքին հատկացված 4 սենյականոցն է՝ երկու լոգարանով։ Ասում են՝ Ասկերանից հագուստից բացի, ոչինչ Հայաստան բերել հնարավոր չեղավ:
7 երեխաների մայրը՝ 29-ամյա Կարինե Ղարաբեկյանն ասում է՝ երեխաները սիրել են Դեբետը՝ սովորում են գյուղի դպրոցում, հաճախում ՍՄԱՐԹ կրթական կենտրոն. «Սիրում են, արդեն հարմարվել են»:
Արդեն երկու ամիս ապրում են գետի ափին` գեղեցիկ բնության մեջ կառուցված նոր տներում, որ ՔՈԱՖ-ը նվիրել է կահավորված, ապրելու համար անհրաժեշտ բոլոր իրերով ու հարմարություններով, բայց ընտանիքի պապը՝ Արշալույս Գրիգորյանը, ոչ մի կերպ պարապությանը չի հարմարվում։ Ասում է՝ 67 տարեկան է, երբեք անգործ չէր մնացել։ Գարուն է բացվում, գյուղի ամենաթեժ ժամանակն սկսվում է, բայց ինքն անելիք չունի. «Զբաղմունք չկա, դրա համար հիասթափվել եմ, ուզում եմ գնամ իմ Ղարաբաղ, բալքի էնտեղ իմ տան հողը… ինչո՞վ զբաղվեմ, առավոտից տունը, օրը մթնում է…»:
90-ականներին Արթիկից վերաբնակեցված ընտանիքն Ասկերանում 6 հեկտար այգի ու վարելահող է մշակել, որտեղ անգամ Հայաստանում անհայտ բույսեր ու պտուղներ է աճեցրել։ Այստեղ, սակայն, դրա անգամ չնչին հնարավորությունը չունի. «Մեկը ծանոթ կա, խոսել եմ, գնամ, իր հայաթում կանաչի, կարտոֆիլ ցանեմ, ուրիշ հնար չկա, ի՞նչ անեմ: Ենթադրենք, 2 հավ, կով, խոզ առնեմ, ո՞ւր պահեմ»:
Ասում է՝ նորակառույց ու ընդարձակ տանն ամսական մինչև 90 հազար դրամի հոսանք են օգտագործում։ Հիմա խնդիրների առաջ են կանգնել։ Աշխատանք չունենալու դեպքում առաջիկայում դա էլ վճարելու հնար չեն ունենա. «Էգուց պիտի գան, լույսը կտրեն, թե` գումարը տուր, ի՞նչ եմ աշխատում, որ տամ»:
Բոլոր ընտանիքներում նույն վիճակն է՝ գոհ են բնակարանային պայմաններից, բայց աշխատանքի հնարավորություններ են փնտրում։ 43-ամյա Հարություն Հարությունյանը ևս կնոջ ու 7 երեխաների հետ Դեբետի նորակառույցներում է տեղավորվել։ Ասում է՝ 90-ականներին Երևանից էր տեղափոխվել Քաշաթաղ։ Այսօր Ադրբեջանին անցած շրջանում թողել է իր ձեռքով կառուցած երկհարկանի տունը։ Եկել, սիրել է Դեբետն ու փորձում է հաստատվել այստեղ։
«Արդեն հիմնավորվել էինք այնտեղ, մեզ այնտեղ շատ լավ էինք զգում, էնպես էր, որ հաստատ Երևանից լավ էի ապրում: Եթե Երևանում հիմա տուն էլ տան, ես չեմ ուզենա, որովհետև սովորել ենք արդեն գյուղական կյանքին», - ասում է նա:
Դեբետում` որպես «սմարթ» գյուղ, նոր շինարարություններ են սպասվում։ ՔՈԱՖ-ը մեծ ծրագրեր ունի այստեղ։ Հույս ունեն, որ գոնե այդպես իրենց համար աշխատատեղեր կստեղծվեն, միայն թե խաղաղություն լինի։ Մեծ ու փոքր այս մասին են երազում։