Մատչելիության հղումներ

«Էրեխուս համար ենք մնացել էստեղ, որ կարողանանք Եռաբլուր գնանք». արցախցիները պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը կատարի խոստումը 


Տեղահանված արցախցիները պահանջում են, որ կառավարությունը կատարի խոստումն ու իրենց ապահովի բնակարաններով։ Այսօր այս պահանջով Արցախի ներկայացուցչություն էին եկել 44-օրյա պատերազմում զոհված արցախցի զինծառայողների ընտանիքները։ Որդիները Եռաբլուրում են հուղարկավորված ու հենց այս պատճառով ծնողները ուզում են Հայաստանում տուն ստեղծել, որ նրանց շիրիմների կողքին լինեն։ Ասում են՝ անձամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է խոստացել Հայաստանում հուղարկավորված արցախցիների ընտանիքներին աջակցել այս հարցում։

«Զոհվածների ծնողները որ հանդիպել են, Արայիկ հարությունյանն էդ խոստումը տվել ա, որ ձեր հարցը ստեղ ենք լուծելու, ում շիրիմը գտնվում ա Եռաբլուրում, ձեր հարցը ստեղ լուծելու ենք։ Ոչ թե կոնկրետ Երևանում, այլ մարզերում»։

Արցախի կառավարությունում այս քննարկումներն անցած տարվանից են սկսվել, բայց դեռ որոշում չի ընդունվել, «Ազատությանը» փոխանցեց Երեւանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի ղեկավար Միքայել Վիրաբյանը։ Նրա խոսքով, երբ հայտարարվել է, որ Արցախում առաջնահերթ բնակարանով կապահովեն զոհվածների ընտանիքներին, Հայաստանում հուղարկավորված արցախցի զինծառայողների ընտանիքներն առաջարկել են այդ բնակարանների փոխարեն գումարով աջակցել, ընտանիքներն էլ կավելացնեն ու Հայաստանում բնակարան կգնեն։

«Հանդիպումների ժամանակ, քննարկումների ժամանակ գումարի չափ էլ ա նշվել, ընդհուպ մինչև քսան միլիոն դրամի չափով, սոցիալական հիպոթեք հասկացողությամբ, որ պետությունը տարիներով փակի էդ ընտանիքների հիպոթեքը։ Սպասում էինք համապատասխան որոշման ընդունմանը, դեռևս էդ որոշումը չկա, ընդունված չկա», - ասաց Վիրաբյանը։

Արցախցիներն ասում են, թե խոստացել էին տարեվերջին, հետո էլ, թե փետրվարին հարցը վերջնականապես կլուծվի, բայց ձգձգում են։

Արցախի ներկայացուցչությունում ընդունել են զոհերի ընտանիքներին ու խոստացել վաղն այստեղ հանդիպում կազմակերպել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։

«Սեպտեմբերին որ հանդիպել են, ասել են ամենաուշը դեկտեմբերի վերջին։ Դեկտեմբերի վերջին որ հանդիպել են, ասել են հունվարին», - փոխացեց պատերազմում 19-ամյա որդուն կորցրեծ Լևոն Մնացականյանը։

Մնացականյանն այժմ ընտանիքի հետ ապրում է Աբովյանում՝ վարձով։ Ո՞ւր վերադառնամ, հարցնում է, ո'չ Հադրութը կա, ո'չ էլ ծնողների գերեզմանները. - «Եթե իմ էրեխու շիրիմը չկա, ես գնամ Արցախ ի՞նչ անեմ։ Եթե Հադրութը չկա, ես գնամ Արցախ ի՞նչ անեմ... Հորս, մորս գերեզմանը չկա, գոնե իմ էրեխուս գերեզմանը ինչ-որ մի ձև հանգստություն ա»։

Լյուդվիգ Աբրահամյանը շուշեցի է։ Նույն պահանջով է այստեղ եկել։ Կնոջ հետ Աբովյանի Նոր գեղի գյուղում է վարձով ապրում։ Որդին եռաբլուրում է հուղարկավորված։ Ասում է՝ իրենց այստեղ միայն որդու գերեզմանն է պահում. - «Էրեխուս համար մնացել եմ ստեղ։ Որ կարանք գնանք Եռաբլուր, գանք»։

Վարուժան Մելքոնյանի միակ որդին է զոհվել 44-օրյա պատերազմում։ Նրա ընտանիքի հետ Պռոշյան գյուղում է վարձով ապրում։ Երեկ էլ է Արցախի շտաբում է եղել, ասում է ժամանակ են խնդրել, որ հարցին լուծում տան. - «Թող իրանք իրանց խոստացածը կատարեն։ Մենք չենք իրանց ասել՝ դուք մեզ խաբեք, ասեք գումար եք տալու, որ տուն առնեք։ Իրանք առաջարկել են ու իրանք էլ խաբում են»։

Զոհվածների ծնողներն վաղն առավոտյան նորից գալու են, որ հանդիպեն Արցախի պետնախարարին ու Ազգային ժողովի նախագահին։

Օպերատիվ շտաբի ղեկավարը փոխանցեց, որ Հայաստանում ապրող արցախցիներից 199-ի ընտանիքում զոհված զինծառայող կա, թե քանիսն են Հայաստանում հուղարկավորված, դժվարացավ ասել։ Միայն նշեց, որ 199-ի մեծ մասը դիմել է, որ Հայաստանում բնակարան գնելու աջակցություն ստանա։ Ընդհանուր առմամբ, պատերազմից հետո դեռ 20 000 արցախցի է ապրում Հայաստանում։

XS
SM
MD
LG