Երեկ համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես մի խումբ արցախցիներ Մարտակերտի Մաղավուզ գյուղի մոտ փակել են Քարվաճառ տանող ճանապարհը՝ թույլ չտալով ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան անցումը Քարվաճառ տանող ճանապարհով: Գյուղացիները ի նշան բողոքի այդպես էլ չեն բացել ճանապարհը՝ ստիպելով մեքենաներին հետ գնալ:
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ազատությանը» պատմեց, որ արցախցիները նման կերպ իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ։
Փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մաղավուզ գյուղի մոտակա դիրքում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։ Բացի այդ, նրանք տարակուսած են, թե ինչու ադրբեջանցիները կարող են օգտվել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող ճանապարհից, իսկ իրենք չեն կարող Քարվաճառով հասնել Հայաստան:
Հակոբյանի խոսքով, մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է. - «Երեկ անցնող շարասյունը կանգնեցրել էին՝ պահանջով... Ուղղակի բողոքի ակցիա էր դա ավելի շատ, դժգոհություն։ Եթե հիշում եք, մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը հենց այդ տարածքում մեր դիրքապահին ծանր վիրավորել էին, թիրախավորված էր եղել այդ կրակը։ Ու դա նաև պատճառ էր հանդիսացել, համբերության բաժակի վերջին կաթիլը, այդ պատճառով որոշել էին ադրբեջանական կողմին իրենց դժգոհությունը հայտնել ու նաև պահանջներ ներկայացնել»։
Արցախի խորհրդարանի պատգամավորի խոսքով, ադրբեջանական կողմը չի հարգում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և պարբերաբար խախտում հրադադարը:
Հիշեցնելով, որ մեկ ամիս առաջ էլ Կարմիր շուկա գյուղի բնակիչներն էին նման բողոքի ակցիա իրականացրել՝ փակելով գյուղի ճանապարհը ադրբեջանական մեքենաների համար՝ Հակոբյանը ընդգծեց, որ գյուղացիների այս ակցիան ևս խաղաղ էր, նրանք պարզապես պաշտպանում են այդտեղ ապրելու իրենց իրավունքը. - «Շատ ակտիվացել են սադրանքները, գյուղատնտեսական աշխատանքները թույլ չեն տալիս կատարել, անմիջապես հողատարածքներն ու այգիները հիմնականում շփման գծին շատ մոտ են, մի քանի մետրի վրա են այն դիրքերից, որ մեր հայրենիքի բռնազավթված մասում է, որտեղ ադրբեջանցիներն են դիրքավորված։ Ուղղակի թույլ չեն տալիս այդ աշխատանքները կատարելու։ Այդ ամենը կուտակվել էր, և մարդիկ էս ձևով իրենց պահանջները ներկայացրեցին»։
Օրերս էլ ադրբեջանցիները Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղողի այգիներ էին մտել ու այդտեղ խաղողի վազերն էտող գյուղացիներին դուրս հրավիրել իրենց այգիներից: Խրամորթի համայնքապետը «Ազատությանը» ասել էր, որ զինված ադրբեջանցիները խրամորթցիներին արգելել են այգիները մշակել, և այդ ամենին ականատես են եղել ռուս խաղաղապահները:
Դրանից մեկ օր առաջ էլ այնտեղ դաշտում աշխատող տրակտորիստի ու հողագործների ուղղությամբ էին ադրբեջանական հենակետերից կրակոցներ արձակել, վնասել գյուղտեխնիկան:
Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլում ևս տարածված այս տեսանյութի վերաբերյալ մեկնաբանություններում հիմնականում դժգոհություն է հնչում ռուս խաղաղապահների հասցեին, թե նրանք չեն ուզում կամ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները:
Ըստ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը և փորձում են հնարավորինս կանխել նման միջադեպերը. - «Խաղաղապահները հարյուր տոկոսով կատարում են այն առաքելությունը, ինչի համար որ իրենք այստեղ են։ Իրենք բնական է, չեն կարող ո'չ պատժիչ, ո'չ էլ որևէ գործողություն անել։ Ընդամենը պիտի էնպես անեն, որ երկու կողմերի մեջ խաղաղություն լինի»։
Հակոբյանի խոսքով, գյուղացիները խոստացել են իրեն տեղյակ պահել, եթե որևէ նոր միջադեպ լինի, բայց այսօր Մարտակերտից ահազանգ չի ստացել:
«Ազատությունը» կապ հաստատեց Մաղավուզի գյուղապետ Հրանտ Շիրինյանի և Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի հետ, որոնք սակայն չցանկացան խոսել տեղի ունեցածի մասին։