Կիևից դուրս գալ ցանկացող մի քանի հայեր չեն հասկանում՝ ինչո՞ւ է Հայաստանի դեսպանատունը հայտարարություն և հեռախոսահամարներ տարածում, եթե օգնել չեն կարող։
«Դեսպանատունը խորհուրդ է տալիս, որ դուք դուրս եկեք, գնացեք Պոլշայի (Լեհաստան-խմբ.) սահման, մենք այնտեղ կկազմակերպենք, որ դուք առանց վիզայի, որովհետև այնտեղ վիզա է պետք անպայման Հայաստանի քաղաքացիների համար, դուք դուրս գաք, բայց սենց թե նենց այդ ամեն ինչը կարգավորվում է սահմանին, այսինքն` եթե նույնիսկ դեսպանատունը չխառնվի, մեկ է` Պոլշան պատրաստ է ընդունել բոլոր քաղաքացիներին: Չեմ հասկանում` Հայաստանի դերն այստեղ ինչումն է, եթե առանց ոչ իրենց աջակցության էլի դա տեղի է ունենում», - ասում է «Ազատության» զրուցակիցը, որը փոքր երեխաներ ունեցող մի քանի հայ ընտանիքների հետ ռիսկի է դիմել ու ավտոմեքենայով դուրս եկել Կիևից։
Հիմա Լվովում են, գրեթե հարևան Լեհաստան են հասել։ Զարմանում է՝ ինչպե՞ս կարղացան արկերի չդադարող պայթյունները հաշվելով անվտանգ տեղ հասնել։ Զանգահարեցինք Կիևում Հայաստանի դեսպանատան այն հեռախոսահամարով, որով ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցն էր զանգահարել։ Այնտեղ նույնպես անորոշություն էր, ինչպես բնակիչների մոտ։ Զանգին պատասխանող աշխատակիցն ասաց՝ մեծ ցանկություն ունեն բոլոր հարցերում աջակցելու տեղի հայերին, բայց պատերազմ է երկրում, լայն հնարավորություններ ոչ ոք չունի, անվտանգ ճանապարհ չկա:
«Այս պահին հումանիտար միջանցք տրամադրված չէ, հենց որ լինի հումանիտար վիճակ, մենք մեր բոլոր քաղաքացիների տվյալները գրում ենք, հեռախոսահամարները վերցնում ենք, որպեսզի կարողանանք իրենց հետ կապ հաստատել: Այս պահին անվտանգ ճանապարհ չկա, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել», - փոխանցեցին դեսպանատնից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին Հայաստանի դեսպանատուն է դիմել նաև Կիև գործուղված Արևիկ Գրիգորյանը։ Ասում է՝ արտասահմանցի գործընկերոջ հետ նաև նրա երկրի դեսպանատուն են դիմել, թեև այնտեղ էլ հստակ օգնություն չեն ցուցաբերել, բայց պարբերաբար զանգահարել են, հետաքրքրվել՝ անվտանգ է արդյոք, որտեղ է, ուր է հասնում։
«Գոնե այդպիսի աջակցություն չստացա, զանգեցին մեկ անգամ օրեր անց, երբ արդեն դուրս էի եկել Կիևից»,- պատմեց Գրիգորյանը, որը բացառապես ընկերների աջակցությամբ է հասել փախստականներին տարհանող գնացք ու լքել Կիևը։ Պատերազմի առաջին օրերին զանգահարելուց բացի, նա ճամպրուկները ձեռքին նաև դեսպանատուն էր մտել. «Նույն պատասխանը ստացա, որ ընդհանրապես ուրիշ բան այդ պահին չեն ձեռնարկում, չգիտեն` ինչ կլինի, և միակ բանը, որ կարող են խորհուրդ տալ, փորձել տարհանվել Մոլդովայի ուղղությամբ: Այդքան բան: Ճիշտն ասած` զարմացել էի, որովհետև երևի ակնկալում էի, որ գուցե գոնե անուն-ազգանուն, որտեղ եմ բնակվում, կփորձեն ինֆորմացիա հավաքել, բայց դա էլ չեղավ»:
Խնդիրները տարբեր են, լուծումները` նույնպես. Միրզոյան
Ազգային ժողով -Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նաև այս հարցը բարձրացրեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ապրող հայերի մի մասը ցանկանում է վերադառնալ Հայաստան, որոշներն էլ չեն պատրաստվում լքել այնԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց՝ բանակցել են Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ, այդ թվում` Հունգարիայի, որի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, այդուհանդերձ պայմանավորվել են ամեն ինչ անել հայերին աջակցելու համար։ Արտգործնախարարը նաև ընդգծեց՝ դիվանագետներ են գործուղել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ՝ սահմանը հատող հայերին Հայաստան վերադառնալու հարցում աջակցելու համար։
«Մատերի վրա կարելի է հաշված համարել, եզակի դեսպանություններից է, որոնք շարունակում էին մնալ Կիևում և աշխատել, օգտակար լինել քաղաքացիներին: 1500-ի կարգի զանգ են ստացել, իհարկե այս մեծ քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել, և չի ստացվել, և ահա դրա համար նաև Արտաքին գործերի նախարարությունում` Երևանում, թեժ գիծ է սահմանվել, հետո մեր աշխատակիցները հետ են զանգում և տրամադրում խորհրդատվություն», - մանրամասնեց նախարարը:
«Խորհրդատվությունից զատ, պետք էր ժամանակին տարհանում կազմակերպել»,- նեղսրտում է ներկայանալ չցանկացող «Ազատության» զրուցակիցը, որ մի քանի հայ ընտանիքների հետ սեփական ուժերով է մազապուրծ դուրս եկել Կիևից։
Պատմեց՝ Կիևում բնակվող շատ օտարերկրացիներից է լսել, որ դեսպանատները տարհանում են կազմակերպում. «Երբ պետություններն իրենց ժողովուրդներին էվակուցիա էին անում էստեղից մինչև պատերազմը սկսելը, մեր Հայաստանն այդ ամեն ինչից զերծ մնաց, չգիտես ինչ պատճառով, այսինքն` մարդիկ չէին կարողանում գնալ Հայաստան, իսկ հիմա խորհուրդ են տալիս հասնել մինչև Պոլշա, այսինքն` մեքենայի խնդիրներ են ունենում մարդիկ, իմ ծանոթների մեջ շատ կան այդպիսի մարդիկ: Անապահովություն է, որոնք չեն կարողանում Կիևից դուրս գալ, հասնել Պոլշայի սահման»:
Արտգործնախարար Միրզոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ խնդիրները տարբեր են, լուծումները` նույնպես, մարդիկ կան` փաստաթղթեր չունեն, նրանց հյուպատոսական ծառայություններ են մատուցվում, շատերին էլ հենց տեղափոխման հարցով են աջակցել։ Նախարարը նաև ընդգծեց՝ Հայաստանը կդժվարանա ամբողջությամբ իր վրա վերցնել մի քանի հարյուր հազար քաղաքացիների տեղափոխումը։
Ուկրաինայում ապրող հայերի թիվը, ըստ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, հասնում է 400 հազարի, նրանց գրեթե կեսը Հայաստանի քաղաքացի է։