Իշխանությունը չցանկացավ ԱԺ-ում քննարկել թուրք-ադրբեջանական հռչակագիրը դատապարտող նախագիծը

ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ԱԺ նիստ, 1 մարտի,2022թ.

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այսօր առաջարկում էր, որ Ազգային ժողովը դատապարտի թուրք-ադրբեջանական հռչակագիրը, որն անցած տարի ընդունվեց Շուշիում։ Շուշիի հռչակագիրը ենթադրում է թուրք-ադրբեջանական փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

Ընդդիմությունը սա վտանգավոր է համարում։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկեց դատապարտող նախագիծն ընդգրկել այսօրվա նիստի օրակարգում և քննարկել. «Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, թուրք-ադրբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում են Հայոց ցեղասպանությունն ու առաջարկում թեման տեղափոխել պատմաբաններ քննարկան դաշտ, և եթե Հայաստանը որոշի այդ դժվար պարտված դիրքից ոտքի կանգնել, ապա միասնական կգործեն մեր շահերի դեմ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության հարցով ԱԺ արտահերթ նիստը չմեկնարկեց, քվորում չկար

Հայաստանի արտգործնախարարությունն անցած տարի դատապարտել է Շուշիի հռչակագիրը, այն որակել սադրանք, որն ամբողջությամբ թիրախավորում է հայ ժողովրդին։ Սեյրան Օհանյանը հիշեցնելով սա շեշտեց` կարևոր է, որ խորհրդարանական կառավարման երկրում դատապարտող հայտարարություն ընդունի նաև Ազգային ժողովը։

«Հակառակ դեպքում մենք սա կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում», - նկատեց նա:

Պաշտպանության նախկին նախարարի այս խոսքերից վրդովվեցին իշխանական փոխխոսնակները՝ Հակոբ Արշակյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնաց Ռուբեն Ռուբինյանը. «Այս սպառնալիքների տոնը, պարոն Օհանյան: Պետք է հարգալից լինել և սպառնալից տոներով չխոսել, մնում է, որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ այն քվեարկությունից առաջ»:

«Շատ մեծ հարց է` ով է թշնամու շահերը սպասարկում», - ասաց Ռուբինյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չցանկացավ, որ խորհրդարանում քննարկվի թուրք-ադրբեջանական հռչակագիրը դատապարտող հայտարարության նախագիծը։ Իսկ այն ընդունելու համար «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների ձայները բավարար չէին։ Կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիրները, իշխանական պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին, իսկ նրանից մեկը՝ Հասմիկ Հակոբյանը դեմ քվեարկեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքերը փաստաթուղթ են վավերացնում, Հայաստանն ասում է՝ դրական ազդակներ ենք ստանում. Գեղամ Մանուկյան

Ի՞նչ է փոխվել մեկ տարի անց, ինչո՞ւ հիմա իշխանությունը չի ցանկանում խորհրդարանում դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների վավերացրած հռչակագիրը, որը մեկ տարի առաջ որակվել է սադրիչ ու ընդդեմ հայ ժողովրդի։ Իշխանական պատգամավոր, նախկին գործարար Գուրգեն Արսենյանը բացատրեց. «Հայաստանի Հանրապետության ռիսկերի կառավարման տեսանկյունից ընթացիկ վիճակը մեզ չի պարտադրում նմանատիպ հայտարարությունով հանդես գալ: ՀՀ կառավարությունը կառավարում է Հայաստանի անվտանգության ռիսկերը, և մենք, ՀՀ իշխանություն լինելով, նաև պատասխանատվություն ունենք` իրականացնելու այն գործընթացը, որը համարում ենք Հայաստանի համար օգտակար, Հայաստանի համար անվտանգ»:

Տապալվեցին «Հայաստան» խմբակցության այլ նախագծեր ևս։ Մեկով առաջարկում էին ինդեքսավորել կենսաթոշակները, որ տարեցտարի գնաճն ու կենսաթոշակը համարժեք լինեն։ Իշխանությունը դեմ քվեարկեց։

Խորհրդարանը քննարկում էր նաև Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու հարցը։ Թեկնածուն նախկին իշխանությունների ու ներկա իշխանությունների օրոք կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Ատոմ Ջանջուղազյանն է։

Հայաստանի նախագահի ընտրության հարցն էլ խորհրդարանը վաղը քննարկի։ Իշխանությունն առաջադրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։