Թուրք-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են թևակոխում՝ երկու երկրները ամենատարբեր ոլորտներում ընդլայնում են համագործակցությունը: Օրերս Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարաններում վավերացվեց անցած հունիսին նախագահներ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի ստորագրած «Դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագիրը:
Այս փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կանցկացնեն, որոնց ընթացքում կքննարկվեն «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»։
Նախօրեին Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացրել է հռչակագրի դրույթները: Նա նշել է, որ «մեկ ազգ երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված երկու երկրների եղբայրությունը ուժ է ստանում ընդհանուր մշակույթից, լեզվից և օրինակ է ծառայում բազմաթիվ երկրների համար: Քըրանի խոսքով, Շուշիի հռչակագրի հիմքում 2010 թվականին կնքված ռազմավարական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրն է, և այս նոր փաստաթուղթն օգնելու է ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը, խթանելու է տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը:
«Ադրբեջանը ոչ միայն մեր եղբայրն է, միևնույն ժամանակ ամենամտերիմ գործընկերն ու դաշնակիցը», - ասել է փոխարտգործնախարարը:
Անցած շաբաթ էլ Քըրանը Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Շուշիի հռչակագիրը երկու երկրների համագործակցության տեսլականն էր համարել:
«Հռչակագրերը միջազգային հարաբերություններում տեսլականների և քաղաքական կամքի գրավոր արտահայտությունն են: Շուշիի հռչակագիրը ավելին է, քան այդ կամքը, այս կարևոր փաստաթուղթը մեր պատմական հարաբերությունները այլ մակարդակի է հասցնում: Շատ կարևոր է, որ մեր երկրների խորհրդարաններում այն միասնաբար վավերացվեց քաղաքական բոլոր կուսակցությունների կողմից, սակայն ավելի կարևոր է, որ հռչակագրում ամրագրված տեսլականը կյանքի կոչվի», - հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարարը:
Շուշիի հռչակագիրը ենթադրում է դաշնակցային հարաբերությունների համար քաղաքական և ռազմական մեխանիզմների ստեղծում, երկրներից մեկի ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ուղղված վտանգի դեպքում, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մյուս երկրի կողմից աջակցություն տրամադրելու հնարավորություն, Անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր, զինված ուժերի վերաձևավորման և արդիականացման միասնական ջանքեր, համագործակցություն ռազմաարդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտում, ականազերծման աշխատանքներ, կիբերանվտանգության ապահովում, տնտեսական համագործակցության մեխանիզմների մշակում, հաղորդակցության ընդլայնում:
Տրանսպորտային ուղիների զարգացման համատեքստում նպատակ է դրվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո նախաձեռնել Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը: Բացի այդ, նախատեսվում է Բաքվում թուրք-ադրբեջանական համալսարան հիմնել: Զինված ուժերի արդիականացման ոլորտում համագործակցության շրջանակներում ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին հարմարեցնելու համար արդեն վերակազմավորման աշխատանքներ են տարվում: Այդ համատեքստում հատուկ նշանակության զորամիավորումներ՝ կապույտ բերետավորներ են պատրաստվում, որոնք մեծամասամբ Թուրքիայում կրթություն ստացած զինվորներ են: Նրանք մարզումներ են անցնում հունվար ամսին Ադրբեջանի նախագահի կողմից Հադրութում բացված զորամասում, սովորում են ամենատարբեր մարտական առաջադրանքներ կատարել լեռնային գոտիներում, եղանակային բարդ պայմաններում:
Ղարաբաղյան վերջին պատերազմում էլ Թուրքիան անթաքույց սատարում էր Ադրբեջանին․ քաղաքական հստակ աջակցությունից բացի Անկարան վարժեցնում էր ադրբեջանական բանակի զինվորականներին ու տրամադրում «Բայրաքթար»-ներ, որոնք, ըստ փորձագետների, մեծապես օգնեցին Բաքվին հասնել հաղթանակի։
Պատերազմից մեկ տարի անց՝ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելով Հայաստանի հետ, Թուրքիան պարբերաբար հայտարարում է՝ այդ ջանքերը համակարգում է եղբայրական Ադրբեջանի հետ։