Ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումը դժվար երկրնտրանքի առաջ է կանգնեցրել արտագնա աշխատանքի մեկնողներին։
Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներն ու դրանց հետևանքները այս օրերին գյուղամիջի զրույցների թիվ մեկ թեման են։ Մարդիկ քննարկում են՝ արժե՞ բռնել խոպանի ճամփան, թե՞ ոչ։
Ամեն տարի որդու հետ Ռուսաստան մեկնող Կոստան Կոստանյանը այս հարցի պատասխանը դեռ չունի. - «Գնաս՝ չի էղնի, մնաս՝ չի էղնի։ Սաղիս դրությունն էլ նույնն է։ Մե տանից չենք, բոլորս էլ մե հալի ենք»։
3000-ից ավելի բնակչություն ունեցող Փանիկում հիմնականում արտագնա աշխատանքով են տուն պահում, քանի որ ոռոգման ջրի խնդիր ունեն, հողից եկամուտը քիչ է։
Կոստանյանը Կրասնոդարի երկրամասում շինարարական աշխատանքներ է կատարում։ Ասում է՝ ներկայիս փոխարժեքով ամենաքիչը ամսական 200 հազար ռուբլի պետք է վճարեն, որ մեկնելն արդարացված լինի, բայց գիտի, որ այդքան գումար տվող չկա. - «Բայց էդքան փող ընտեղ ո՞նց կաշխատես։ Ամիսը 70-80 որ մնա, լավ է, էդիկ լավ դեպքում։ Է, 70-80 առնեմ, մնալը, ուտելը, բենզին է... տակը մնա 30-35 հազար, էտիկ ինչ է, գումա՞ր է... Ներկայիս կուրսով ձեռ չի տա»։
Եթե 5 կամ 6 դրամի հասնի ռուբլու փոխարժեքը, ասում է, ստիպված գնալու է. - «Եթե կուրսը բարձրանա 5, 6, 7, մի կերպ ձեռ տալիս է։ Մնանք էստեղ՝ գործ չկա։ Ընտանիք ո՞նց պահես։ Պետություն չկա, բան չկա, բանվորի մասին ժողովրդի մասին ո՞վ է մտածում։ Ոչ մեկ»։
Մնալ տեղում, հող մշակել, անասուն պահելը եկամտաբեր չէ, ասում է Կոստանյանը: Փորձել է անասուններ է գնել, բայց հետո ստիպված է եղել մորթել. - «Հինգ հատ անասուն առա նախանցած տարի, ասեցինք, շատացնենք, պահենք, ապրենք։ Պատերազմը սկսված, դրա հետ մեկտեղ էլ չորային տարի... Էս տարի լրիվ մորթեցինք»։
Կռունկավար Ալեքսան Բաղդասարյանը Իրկուտսկից արդեն աշխատանքի առաջարկ ունի, բայց նա էլ է ռուբլու փոխարժեքին ու պատերազմին հետևում և ծանրութեթև անում գնալ-չգնալը. - «Անորոշության մեջ ենք։ Ռուբլին ընկել է, գործատերը գործը տալիս է, աշխատավարձը տալիս է, բայց չգիտենք իմաստ ունի՞, հետո ի՞նչ կլինի։ Կարող ա ավելի ընկնի, կարող ա նորից վերականգնվի ռուբլու գինը... Անորոշ վիճակի մեջ մնացել ենք։ Էստեղ մնալն էլ... մնանք ի՞նչ անենք»։
Կռունկավարի աշխատանքը բավականին բարձր է վարձատրվում, նույնիսկ գին են պայմանավորվել, բայց դա մինչև ռուս-ուկրաինական պատերազմն ու ռուբլու արժեզրկումն էր. - «Ինձ գործատերը խոստացել է հարյուր հազար ռուբլի։ Բայց եթե մնար [ռուբլու կուրսը] գոնե 6-ով, ահագին ակնկալիք ունեի»։
Վարազդատ Բոյաջյանը աշնանն է վերադարձել Եկատերինբուրգից, որոշել է, որ այլևս չի գնալու արտագնա աշխատանքի, թեև Ռուսաստանից առաջարկներ ունի. - «Մոսկավում էլ ունեմ, Տյումենում էլ ունեմ, բայց չեմ գնալու»։
Փոխանակման կետերում այսօր օրվա երկրորդ կեսին երեկվա համեմատ ռուբլին փոքր-ինչ արժեվորվել էր՝ 5,2 դրամ առքն էր, 5,8 դրամ վաճառքը: