Մատչելիության հղումներ

Ըստ փորձագետների, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդելու Հայաստանի տնտեսության վրա


Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդելու Հայաստանի տնտեսության վրա, շեշտում են հայաստանցի փորձագետները՝ առաջին հերթին մատնանշելով ռուբլու արժեզրկումը. Ռուսաստանից ուղարկված գումարներն այստեղ ավելի փոքր արժեք կունենան։

Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ավելի քան 40 տոկոսը հենց Ռուսաստանից է գալիս, կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին շուրջ 2 միլիարդ 109 միլիոն դոլար փոխանցումներից 865 միլիոնը Ռուսաստանից է ուղարկել։

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու, ապա նաև Ուկրաինա ռուսական հարձակման ֆոնին ռուբլին կտրուկ արժեզրկվել է։ Հայաստանյան բանկերում այսօր մեկ ռուսական ռուբլին կարելի է փոխանակել առավելագույնը 5.68 դրամով, մեկ շաբաթ առաջ մեկ ռուբլին 6.25 դրամ արժեր։ Սա նշանակում է, որ, օրինակ, այսօր Ռուսաստանից ուղարկված յուրաքանչյուր 100 հազար ռուբլին այստեղ փոխանակելիս Հայաստանի քաղաքացիները շուրջ 60 հազար դրամ քիչ կվերցնեն։

«Ռուբլիով ձևավորված եկամուտները առավել քիչ արտարժույթի, դոլարի կարող են փոխարկվել, հետևաբար, ավելի քիչ գնողունակություն ունենալ Հայաստանում», - ասաց Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը:

Փորձագետն ընդգծում է՝ ռուբլու արժեզրկումը նաև ազդում է Հայաստանից Ռուսաստան արտահանումների վրա, փոխվում են երկու երկրներում ապրանքների հարաբերական գները, ինչի հետևանքով հայկական ապրանքների մրցունակությունը Ռուսաստանում որոշակիորեն կնվազի. «Եթե նախկինում X միավոր գնով էին վաճառում մեր արտահանողները Ռուսաստանում, ապա այժմ ավելի մեծ գնով են վաճառելու, այդ առումով ռուբլու արժեզրկումը մեզ վրա բացասական ազդեցություն է ունենում»:

Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, անցած տարի դեպի այդ երկիր արտահանումները ավելի քան 840 միլիոն դոլար են կազմել, ընդհանուր առևտրաշրջանառությունը՝ շուրջ 2.6 միլիարդ դոլար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ պատժամիջոցների հետևանքով կընկնի նաև ռուսաստանցիների գնողունակությունը, ուստի նաև հայկական ապրանքների պահանջարկը։

«Եթե պայմանականորեն մեկ լիտր կոնյակն արժե 1000 ռուբլի այս պահին շուկայում, դառնալու է 1200-1300 ռուբլի, այն դեպքում, երբ որ ռուսական տնտեսության աճը դանդաղելու է, հնարավոր է աշխատատեղեր փակվեն, կենսամակարդակը նվազի: Այսինքն մի կողմից Ռուսաստանում մարդկանց եկամուտներն է նվազելու, մյուս կողմից Հայաստանի ապրանքն է թանկանալու, բնականաբար, պահանջարկը նվազելու է մեր ապրանքների նկատմամբ», - նշեց Պարսյանը:

Պատժամիջոցների մասին այսօր Ղազախստանում կայացած ԵՏՄ հավաքին խոսել էր նաև Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե օպերատիվ որոշումներ են պետք՝ դրանց բացասական ազդեցությունը մեղմացնելու և հնարավորության դեպքում դրանք շրջանցելու համար։ Հայաստանյան փորձագետները կարծում են՝ պատժամիջոցները կազդեն նաև Հայաստանի ներդրումային միջավայրի վրա՝ կարող են նվազել և՛ Ռուսաստանից եկող հոսքերը, և՛ այլ պետությունների ներդրումները, որոնք հաշվի առնելով Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միասնական տնտեսական միության մաս կազմելու հանգամանքը, միգուցե չցանկանան այստեղ գումար բերել։

«Կարծում եմ՝ բավականին դժվար ժամանակաշրջան ենք ունենալու և այստեղ մեծ անելիք ունի կառավարությունը, Ազգային ժողովը, Կենտրոնական բանկը և մասնավոր հատվածը: Այստեղ համատեղ գործելու, համատեղ ծրագրեր մշակելու կարևոր օրակարգ ունենք», - ասաց Սուրեն Պարսյանը:

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն առնչվում են նաև Հայաստանում մասնաճյուղեր ունեցող ռուսական ընկերություններին, մասնավորապես ՎՏԲ բանկին, «Ռոստելեկոմ»-ին։ «ՎՏԲ Հայաստան» բանկն այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ վստահեցնելով՝ կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։ Բանկն, այդուհանդերձ, արտերկրում գտնվող իր հաճախորդներին խորհուրդ է տալիս կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG