Միջազգային տարբեր հարթակներում քվեարկելիս Հայաստանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ հարցը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվի, այսօր Ազգային ժողովում պատասխանելով ուկրաինական զարգացումների վերաբերյալ «Ազատության» հարցին՝ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Հայաստանի Հանրապետությունը, լինելով միջազգային հանրության անդամ, մտահոգված է մեր տարածաշրջանում այս գործընթացի հետևանքներով: Մենք, բնականաբար, շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Հայաստանի Հանրապետությունը ևս պետք է պատրաստ լինի բոլոր այն հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ որևէ զարգացման արդյունքում», - նշեց Աղաջանյանը:
Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակումից մեկ օր անց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրեց կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացված լինելու իրավունքը։ Որոշման օգտին քվեարկել է 42 պետություն և միայն երկու երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանն են դեմ եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽ-ն կասեցրել է Նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացված լինելու իրավունքը«Հաշվի առնելով, որ մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով, հետևաբար, որպեսզի դիվանագիտական ճանապարհով այդ հանգուցալուծումը տեղի ունենա, բնականաբար, այդ դիվանագիտական խողովակները պետք է առկա լինեն: Եվ որքան այդ դիվանագիտական ճանապարհների խողովակները կտրվեն և անջատվեն, դիվանագիտական ճանապարհով հարցի հանգուցալուծման հավանականությունը ևս պակասում է, ու հենց այս համատեքստում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեմ է քվեարկել», - նշեց Աղաջանյանը:
Արդեն երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Մոսկվայի ագրեսիային առնչվող բանաձևը քննարկման դնելու հարցին։
Խորհրդարանական ընդդիմությունը չի ցանկանում մեկնաբանել իշխանությունների առանձին քվեարկությունները։
«Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանն ասում է՝ Հայաստանի դիրքորոշման վերաբրեյալ բոլոր հացերը մեկ հասցեատեր ունեն, դա իշխանությունն է, իսկ նրանց տված պատասխանները ընդդիմադիր բավարար չի համարում:
«Միակ արձագանքը, միակ քիչ թե շատ բանը, որ ես տեսել եմ, վարչապետի հանդիպումն էր արտախորհրդարանական մի շարք ուժերի «ղեկավարների» հետ, և գրեթե բոլորն անխտիր հակառուսական դիրքորոշում ունեցողների: Սա է եղել որևէ արտահայտությունը, այլ բան մենք չենք տեսել: Երբ որ կլինի իրենց արձագանքը՝ տեսանելի, բացի իմ նշածից, մենք կհասկանանք՝ արդյոք նրանք սպասարկում են մեր ազգային պետական շահերը, թե հերթական անգամ խեղճացած, ձեռքերը լվացած մի կող են քաշվել ու չեն համարձակվում որևէ դիրքորոշում արտահայտել», - ընդգծեց Վարդանյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանի համար անհասկանալի է՝ որն է Հայաստանի դիրքորոշումը։ Նկատում է՝ այս օրերին Հայաստանի հայտարարություններն ու քայլերը դաշնակիցների հետ հետագա հարաբերությունների վրա էական անդրադարձ կունենա:
«Կա իրավիճակ, որտեղ դու պետք է ունենաս հստակ մոտեցումներ, և դրան արտահայտվեն քո դիրքորոշումների մեջ: Ես ինչո՞ւ եմ շատ ավելի լայն կոնտեքստում խոսում այս մասին, որովհետև եթե դու ներկայացնում ես չեզոքություն կամ որևէ ձևով չես աջակցում, պայմանական եմ ասում, քո դաշնակից Ռուսաստանին, պետք է ընդունես, որ մեկ այլ իրավիճակում Ռուսաստանը վարվելու է ճիշտ այնպես, ինչպես դու ես վարվում այս իրավիճակում: Այնպես չէ, որ Ռուսաստանը Հայաստանից այս պահին մեծ ակնկալիքներ ունի, ինչը պայմանավորված է մեր իրական հնարավորություններով, բայց այսօրվա Հայաստանի պահվածքից է կախված, թե հետագա գործընթացներում մեր տարածաշրջանում կամ առհասարակ որևէ այլ տարածաշրջանում մեր շահերը ներկայացնելիս կամ մեզ ուղղակի պաշտպանելիս Հայաստանն ինչ ակնկալիք կարող է ունենալ Ռուսաստանից», - նշեց Աբրահամյանը:
Մինչ այս պահը պաշտոնական Երևանի արձագանքը եղել է միայն Հայաստանի արտգործնախարարության խոսնակի մակարդակով՝ նախքան ռազմական գործողությունները։ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումից երկու օր անց Վահան Հունանյանը հայտարարել էր, որ այդ միավորների ճանաչման հարց Հայաստանի օրակարգում չկա։ Արտաքին գերատեսչությունից նաև հույս էին հայտնել, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները կլուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով։