Պատերազմի գոտու վերածված Ուկրաինայից բազմաթիվ հայեր են ցանկանում մեկնել Հայաստան, ռազմական գործողությունների հինգերորդ օրը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Կիևի հայկական համայնքի ղեկավարը։
Նորիկ Գևորգյանը չի կարող ասել, թե արդեն քանի ընտանիք է դուրս եկել Կիևից, քանի որ շատերը հեռանում են երկրից սեփական միջոցներով՝ առանց համայնքին տեղեկացնելու։ Հեռանալու ցանկություն ունեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Ուկրաինայի քաղաքացի ազգությամբ հայերը։ Ուկրաինայում ապրող ծագումով հայերի ու Հայաստանի քաղաքացիների թիվը, ըստ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի, հասնում է 400 հազարի։
«Մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն, դուրս են գալիս դեպի արևմուտք, այստեղից անցնեն սահմանը դեպի Ռումինիա, Սլովակիա, Լեհաստան։ Այնտեղ Հայաստանի քաղաքացիներին ընդունում են առանց վիզայի․ Հայաստանի կառավարությունը կազմակերպել է դա։ Ուկրաինայի քաղաքացիներին էլ, բոլորին էլ, բաց են թողնում շատ հեշտ, բացի տղամարդկանցից 18-ից 60 տարեկան։ Մենք բոլորին խորհուրդ ենք տալիս մինչև ինչ-որ կայունության ստեղծվելը, մնալ տեղերում, որովհետև այսօր ճանապարհը շատ ավելի բարդ է, քան տեղում մնալը, սակայն մարդիկ, ովքեր իրենց համար որոշում են կայացնում, դուրս են գալիս, մենք էդ մարդկանց արդեն ուղեկցում ենք», - ասաց Գևորգյանը։
Գևորգյանի տվյալներով՝ Ռուսաստանի հարձակմանը դիմակայող Ուկրաինայում հայերի շրջանում, բարեբախտաբար, զոհեր չկան։ Հայկական համայնքը Հայաստանի դեսպանատան հետ համատեղ աջակցում է այն ընտանիքներին, որոնք ցանկանում են հաղթահարելով խոչընդոտները շարժվել դեպի արևմուտք՝ այնտեղից էլ մեկնել այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։
«Ճանապարհներին Վիննիցա, Խմելնիցկի, Տերնոպոլ քաղաքներում ապաստան ենք տալիս մի գիշերով, որ առավոտյան պարետային ժամը վերջանալուց հետո շարժվեն դեպի սահման», - ասաց Կիևի հայկական համայնքի ղեկավարը։
Հայաստանի արտգործնախարարությունը չի մանրամասնում, թե մինչև հիմա քանի ընտանիք է ժամանել Երևան։ Դիվանագիտական գերատեսչությունը շաբաթ օրը հաղորդեց միայն, որ Եվրամիությունը շենգեն վիզա չի պահանջի Հայաստանի այն քաղաքացիներից, որոնք մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները։
Առաջին անգամ տեղեկացնելով տարհանման հնարավորությունների մասին՝ արտաքին գերատեսչությունը հաղորդեց, որ դիտարկում է այլ եղանակներ ևս, նաև հավելեց, որ պատրաստ է ընդունել այլ փախստականների։ ԱԳՆ-ն լռում է այն մասին, թե տարհանման ինչ այլ տարբերակների մասին է խոսքը և կան արդյոք Հայաստան տեղափոխվել ցանկացող ուկրաինացիներ։
Կիևի հայկական համայնքի ղեկավարն ասաց, որ փաստաթղթերի խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիները ևս կարող են դուրս գալ երկրից: - «Ո՛չ Ուկրաինայի կողմից սահմանում, ո՛չ մյուս կողմից՝ Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի սահմաններում դրանց ուշադրություն չեն դարձնում», - ասաց Գևորգյանը։
Կիևում այս պահին հարաբերական հանգիստ է, պատմում է համայնքի ղեկավարը, որ առավոտյան ապաստարանից դուրս էր եկել կազմակերպչական աշխատանքների համար․ - «Մթերային խանութներն աշխատում են, դեղատներն աշխատում են, մինչև պարետային ժամը կսկսվի, եթե ռմբակոծություններ լինեն, էլի կիջնեն ապաստարաններ, չեն լինի, ուրեմն կմնան տներում»։
Դոնեցկում ու Լուգանսկում համեմատաբար հանգիստ է
Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համեմատաբար հանգիստ է, «Ազատությանը» փոխանցեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանան։ Քահանայի խոսքով, բնակչությունը հիմնական տներում է, սպասողական վիճակում։
«Մարդիկ իրենց տներում են, եթե օդային տագնապ հնչում է, նոր գնում են ապաստարաններ», - ասաց Տեր Նարեկը՝ շարունակելով․ - «Առաջին օրվա հայտարարությունից հետո, ամբողջ գիշեր և հաջորդ օրը մինչև ցերեկը, երկու տարածքից էլ բավական հայեր իրենց ընտանիքներն անվտանգ տեղ տեղափոխեցին, Ռուսաստանի Դաշնություն, և սա էր հիմնականում։ Տղամարդիկ հետ են վերադարձել, որովհետև տղամարդկանց ելքը խիստ արգելված էր, առաջին օրվանից դրվեց այդ արգելքն այս տարածքում։ Ընտանիքների երեխաների, ծերերի, կանանց տարհանում եղավ, թվով չեմ կարող ասել, երկու տարածքներում միասին երևի 50-60, գուցե մինչև 100 ընտանիք տեղափոխել են իրենց անդամներին անվտանգ տեղ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ են դիմում ոչ միայն Ուկրաինայում գտնվող հայերը, այլև նրանց հարազատները՝ փորձելով ճշտել պատերազմի գոտուց դուրս գալու ելքերը։ Հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանի փոխանցմամբ, տեղեկատվություն են մշակել Ուկրաինան արևմուտքով լքելու անցակետերի մասին, որը կդյուրացնի ճանապարհ ընկած մարդկանց գործը։ Դա հնարավորություն կտա նրանց Լեհաստանում և հարևան մյուս երկրներում մի քանի օր կանգ առնել, նաև փաստաբանների օգնությամբ լուծել փաստաթղթային հարցերը։
«Ակտիվ կապի մեջ ենք մեր համայնքային կազմակերպությունների ու անհատների հետ և մշակում ենք հնարավոր պլան մեր այն հայրենակիցների համար, ովքեր Լեհաստան, Սլովակիա, Չեխիա, Ռումինիա, Հունգարիա որպես տրանզիտ երկիր կմեկնեն և այնտեղից հայրենիք վերադարձի համար կունենան կենցաղային կացարանի, այդ թվում նաև այլ կարիքներ, որպեսզի մեր հայրենակիցները գոնե 1-2 օրով կարողանան նրանց օգտակար լինել աս հարցում», - նշեց նա:
Ալեքսանյանն ընդգծում է՝ ի տարբերություն Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայերի, այդ երկիրը լքող Հայաստանի քաղաքացիները Եվրամիության երկրներում չեն կարող երկար մնալ, պետք է վերադառնան հայրենիք։
Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության կողմից օդանավ ուղարկելու հարցին, սփյուռքի հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության հարցերի պատասխանատուն նկատում է՝ այդ հարցերին պատասխան պիտի տա Արտգործնախարարությունը։ «Օդանավ ուղարկելու կամ դրա հնարավորության մասին ես չեմ կարող պատասխանել, բայց ուզում եմ նշել, որ մենք Սլովակիայում էլ ունենք, Լեհաստանում և Ռումինիայում էլ ունենք հայրենակիցներ, ովքեր արդեն սահմանը հատել են Ուկրաինայի հետ ու գտնվում են այդ երկրներում: Մեր հետ կապի դուրս եկածները մի քանիսն են», - տեղեկացրեց Հովհաննես Ալեքսանյանը:
Անցած ուրբաթ պաշտոնյան ասել էր, որ Ուկրաինայի տարածքից կամ Ռուսաստանի հարավից Հայաստան տեղափոխվելու օդային ճանապարհով հնարավորությունները սահմանափակ են, բացի այդ՝ Հայաստանի կառավարության կողմից հումանիտար աջակցություն, օդանավի առաքում, խնդիրների այլ փաթեթի քննարկում այս պահին չի կարող տեղի ունենալ, քանի դեռ այնտեղ իրավիճակը կարգավորված չէ և քանի դեռ հստակ չէ մեկնել ցանկացողների թիվը։