Ռուսաստանը պատրաստ է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել Մինսկ` Կիևի հետ բանակցությունների համար: Սա Մոսկվայի պատասխանն է ուղիղ բանակցություններ սկսելու Վլադիմիր Զելենսկու կոչին։
Ընդորում՝ բանակցություն սկսելու պատրաստակամության մասին առաջինը տեղեկությունն հայտնել է Չինաստանի արտգործնախարարությունը, նշելով, թե այս մասին Պուտինը ասել է Չինաստանի առաջնորդին հեռախոսազրույցի ժամանակ, այն քիչ անց հաստատել է Կրմելի խոսնակը։
Մինչ ռուսական ավիացիան ռմբակոծում է Ուկրաինայի մայրաքաղաքը, մինչ Կիևում մարտեր են ընթանում, իսկ Ուկրաինայի նախագահը կոչ է անում Ռուսաստանի նախագահին՝ վերջ տալ ռազմական գործողություններին և նստել ուղիղ բանակցությունների սեղանի շուրջ, Մոսկվան Զելենսկու մասին իրարամերժ հայտարարություններ է անում և շեշտում՝ նրան չի վստահում։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել էր, թե, իհարկե, Կրեմլը ճանաչում է Զելենսկուն որպես Ուկրաինայի օրինական նախագահ: Իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը չի համարում Ուկրաինայի կառավարությունը ժողովրդավարական, քանի որ այն ճնշում և ցեղասպանական մեթոդներ է կիրառում սեփական ժողովրդի նկատմամբ: Ավելին՝ Լավրովը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ, հայտարարելով, թե նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է նստել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։
Ռուսաստանի արտգործնախարարը այսօր նաև որոշ մանրամասնել է հայտնել Ուկրաինայի հետ կապված Մոսկվայի հետագա ծրագրերից։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում, որպեսզի ազատի ուկրաինացիներին ճնշումներից և թույլ տա նրանց ինքնուրույն որոշել իրենց ապագան։
Պաշտոնական Մոսկվան նաև պնդում է, թե Ուկրաինան օկուպացնելու ծրագրեր չունի, թեև մինչ այդ էլ պնդում էր, որ Ուկրաինա ներխուժելու պլաններ չունի։
Բողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ընդդեմ պատերազմի
Երեկ երեկոյան Ուկրաինայի հետ պատերազմի դեմ բողոքի չարտոնված ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի տասնյակ քաղաքներում։
Բազմաթիվ քաղաքներում ցուցարարները բերման են ենթարկվել։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ամբողջ Ռուսաստանում ձերբակալվել է ավելի քան 1800 մարդ։ Ամենամարդաշատ ակցիաներն անցել են Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում․ դրանց մասնակցել է մի քանի հազար մարդ։
Ռուսաստանցիները համացանցում գրում են, թե իրականում տասնյակ միլիոնավոր մարդիկ Ռուսաստանում դեմ են Ուկրաինայի հետ պատերազմին, սակայն վախենում են դուրս գալ ակցիաների։ Մոսկվայում՝ Պուշկինի հրապարակում, Ուկրաինայի հետ պատերազմի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ երեկ երեկոյան բերման են ենթարկել նույնիսկ լրագրողների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի երեք թղթակիցների։
Սոցիալական ցանցերում ռուսաստանցիները ակտիվ քննարկում են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք, վիճում միմյանց հետ, բաժանվում երկու ճամբարների։ Լիբերալ հայացքներով ռուսաստանցիներին մտահոգում է, թե ինչ է լինելու Ռուսաստանում արևմտյան այս կոշտ պատժամիջոցներից հետո, ինչ քաղաքականություն է որդեգրելու Կրեմլը պատերազմական գործողություններից հետո։ Կարծիքները տարբեր են․ միաձայն են մարդիկ միայն նրանում, որ Ռուսաստանը շատ արագ հայտնվում է մեկուսացման մեջ, իսկ Պուտինի քաղաքականությունը բացասաբար է ազդելու ցանկացած ռուսաստանցու վրա՝ նրանք չեն կարողանալու, օրինակ, նախկինի պես ճամփորդել եվրոպական երկրներ, չեն կարողանալու նույնիսկ սովորել եվրոպական երկրներում, էլ ավելի են սահմանափակվելու նրանց հիմնարար ազատությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հայտնում է Չեռնոբիլի ատոմակայանի գոտում ռադիացիայի մակարդակի աճի մասինԸստ տնտեսագետների, Ռուսաստանի տնտեսությունը դժվար թե կարողանա վերականգնվել առաջիկա տասը տարիներին
Տնտեսագետներն էլ ահազանգում են, թե Ռուսաստանի տնտեսությունը դժվար թե կարողանա վերականգնվել առաջիկա տասը տարիներին։ Հայտնի տնտեսագետ Եվգենի Գոնտմախերը «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասում է, որ ամենից շատ Ռուսաստանի տնտեսության վրա ազդելու են էքսպորտի ու հիմնական բանկերի գործունեության սահմանափակումները և, իհարկե, էներգակիրների վաճառքի սահմանափակումները, որոնք, նրա կարծիքով, անխուսափելի են առաջիկա տարիներին։
«Նախ՝ երաշխավորված է թանկացումը, և մտավախություն ունեմ, որ այն ավելի շատ կլինի, քան 2021 թվականին, իսկ գուցե և շատ ավելին։ Ներմուծումը կտրուկ կթանկանա՝ պատժամիջոցների և ռուբլու թուլացման պատճառով», - նշել է Գոնտմախերը։
Տնտեսագետը նաև համարում է, թե ռուսաստանցիները նորից կտեսնեն սովետական տարիներից քաջ ծանոթ դեֆիցիտը՝ ներմուծման սահմանափակումների պատճառով: Մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ հրաժարվում են Ռուսաստան ներկրել տեխնիկա, այդ թվում՝ Հարավային Կորեան։ Լուրջ, աղետալի վնաս կհասցվի ՌԴ-ի տնտեսությանը, եթե արևմտյան երկրները դադարեն նավթ ու գազ գնել Ռուսաստանից, ասում է տնտեսագետը:
«Կարծում եմ, որ էմբարգո այսօր չի լինի։ Ռուսաստանը դեռևս բավական մեծ մասնաբաժին ունի եվրոպական շուկաներում, հատկապես Հարավային Եվրոպայում։ Բայց ես կարծում եմ, որ սա մեկ-երկու տարվա խնդիր է. Եվրոպան ուղղակի կհրաժարվի մեր հանքային պաշարներից։ Մեր նավթը բավականին շատ սպառող ԱՄՆ-ն նույնպես կհրաժարվի։ Արդյունքում մեր բյուջեն կտրուկ կնվազի, քանի որ նավթից ու գազից նրա եկամուտների 30-40 տոկոս են կազմում», - ընդգծում է նա:
Ռուսական պետական պարտքի հետ սահմանափակումները, տնտեսագետի կարծիքով, մեծ վնաս տնտեսությանը չեն հասցնի, քանի որ Ռուսաստանն այսօր էլ մեծ վարկեր չի վերցնում, դրա կարիքն այսօր չունի։ Գոնդմախերի կարծիքով՝ ցավալի կլինեն Ռուսաստանյան տնտեսության համար դոլարային գործարքների սահմանափակումները. «Քանի որ մեր ցանկացած բանկ ունի արժութային գործարքների թույլտվություն, առաջին հերթին դոլարով, ունի թղթակցային հաշիվ ամերիկյան բանկերից մեկում։ Դոլարի ցանկացած շարժում անգամ երկրի ներսում պետք է գնա թղթակցային հաշվի միջոցով։ Հենց այս հաշիվներն արգելափակվեն, արտաքին առևտուրը կխորտակվի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ երկրները համաձայնեցրին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՍահմանափակումների փաթեթը բավականին մեծ է, և վերաբերում է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին։ Ռուսաստանի իշխանությունները փորձում են զսպել ռուբլու կտրուկ արժեզրկումը, և այն այսօր փոքր ինչ արժևորվել է երեկվա համեմատ, սակայն տնտեսագետները կարծում են, որ դոլարը դեռ երկար ժամանակ կարժենա 90 ռուբլու սահմաններում, ոչ պակաս։