Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությունը հայտնել է, որ Չեռնոբիլի ատոմակայանի գոտում ռադիացիայի մակարդակի աճ է գրանցվել․ ցուցանիշների բարձրացում է արձանագրվել դիտակետերի զգալի մասում։ Բայց այս տարածքում ռազմական գործողությունների պատճառով ներկայումս անհնար է պարզել ռադիացիոն ֆոնի փոփոխության պատճառները։
Սպիտակ տունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ վրդովված է Ռուսաստանի կողմից Չեռնոբիլում օբյեկտների զավթման մասին լուրերից, որտեղ երկար տարիներ չաշխատող ատոմակայան է գտնվում:
Ռուսական և ուկրաինական ուժերը երեկ մարտեր են տարել Չեռնոբիլի վերահսկողության համար, որն աշխարհի ամենասարսափելի ռադիացիոն աղետի վայրերից է:
Հայտնի է դարձել, որ ռուս զինվորականները գրավել են ատոմակայանի վթարից հետո վաղուց փակված շենքերի համալիրը, որը գտնվում է Բելառուսից Կիև ճանապարհին։
Արևմտյան ռազմական վերլուծաբաններն ասում են, որ Չեռնոբիլը գրավելով՝ Ռուսաստանը պարզապես օգտագործել է Բելառուսից ամենաարագ ներխուժման ճանապարհը դեպի Կիև: