Կիևի հյուսիս-արևմտյան ուղղությամբ երեք կամուրջ է պայթեցվել՝ ռուսական զորքերի անցումը կասեցնելու համար, հայտնում է «Ուկրաինսկա Պրավդա»-ն՝ հղում անելով ուկրաինական բանակի գլխավոր շտաբի աղբյուրներին։
Ըստ UNIAN լրատվական գործակալության, Վիշգորոդ քաղաքում՝ Կիևից մոտ 6,5 կմ հեռավորության վրա, հրետանու ձայներ են լսվում։ Քաղաքում մարդիկ դուրս են գալիս փողոց, երևում են պայուսակներով և երեխաների հետ վազող ընտանիքներ: Ով կարող է՝ հեռանում է մեքենայով:
Ուկրաինական բանակի գլխավոր շտաբում «Ուկրաինսկա Պրավդա»-ի աղբյուրները հայտնել են, որ ռուս զինվորականները Վիշգորոդով կշարժվեն դեպի Կիև։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։