Բանակցությունների երկրորդ փուլից հետո պաշտոնական Երևանն ու Անկարան հայտարարեցին՝ վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես կողմերը պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:
Այսօր Վիեննայում բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարությունները կրկին նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին՝ տեղեկացնելով, որ վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու իրենց պատրաստակամությունը:
Պաշտոնական հաղորդագրություններում շատ քիչ մանրամասներ կան, միայն նշվում է, որ հատուկ ներկայացուցիչները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել լիարժեք կարգավորմանը միտված համատեղ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ։ Կողմերը, սակայն, չեն հստակեցնում, թե ինչ քայլերի մասին է խոսքը:
Առաջին հանդիպումից հետո վերականգնվեց երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Flyone Armenia-ն այսօրվանից սկսում է ոչ կանոնավոր չվերթները դեպի ՍտամբուլՀունվարին Մոսկվայում կայացած առաջին հանդիպումից հետո այս անգամ ևս Երևանի առաջարկով հանդիպումը կայացավ երրորդ երկրում: Չնայած Անկարան քանիցս նշել է, որ ցանկանում է հաջորդիվ ուղիղ՝ արդեն երկու մայրաքաղաքներում բանակցել:
Վիեննայում հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլից առաջ սպասվում էր, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները ավելի առարկայական քննարկում կունենան վստահության բարձրացմանը ուղղված հետագա քայլերի վերաբերյալ։ Համենայնդեպս, այդ մասին էին վկայում վերջին շրջանում երկու երկրներից հնչող հայտարարությունները:
Ի դեպ, Թուրքիայի ներկայացուցիչ դեսպան Սերդար Քըլըչն Վիեննա մեկնելուց առաջ այցելել էր Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Պատրիարքարանում կայացած հանդիպմանը մասնակցել էր նաև Թուրքիայի արտգործնախարարության Կովկասի և Միջին Արևելքի վարչության ղեկավարը։ Բարձրաստիճան հոգևորականն ու դիվանագետը դրական ուղերձներով էին փոխանակվել և հույս հայտնել, որ հայ-թուրքական բանակցային նոր գործընթացը հաջողություն կունենա:
Պաշտոնական Երևանը իր հերթին ընդգծել էր՝ նաև այս հանդիպման արդյունքներից է կախված մարտի 11-13-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունը։ Այս միջոցառմանը Թուրքիան հրավիրել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանին: Երևանը դեռ հստակ պատասխան չի տվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումը կախված է նաև հայ և թուրք բանագնացների հանդիպման արդյունքներից. ՄիրզոյանԹուրքիայի նախագահը Վիեննայի հանդիպումից առաջ հայտարարել էր՝ կարող են բացել սահմանները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները՝ եթե Երևանը հավատարիմ մնա գործընթացը շարունակելու գաղափարին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, Անկարան գոհ է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար կամք է ցուցաբերում, և ակնկալում են, որ հայկական կողմը կշարունակի իր դրական մոտեցումը:
Պաշտոնական Երևանը ևս սահմանների բացում է ակնկալում: Այսօր այս մասին խոսել է Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը՝ նշելով, թե «լիահույս են, որ Թուրքիան կվերանայի Հայաստանի նկատմամբ վարվող փակ սահմանների քաղաքականությունը»։