Դավթյանը պաշտոնավարել է 2018-ից 2020 թվականներին, հետո էլ կրկին նշանակվել Գլխավոր շտաբի պետ՝ անցած տարեսզբին։ Նա մեկ անգամ հեռացվելուց հետո կրկին նույն պաշտոնին նշանակվեց, երբ նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և այլ բարձրաստիճան սպաներ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, արդյունքում Գասպարյանը պաշտոնանկ արվեց։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ևս 4 բարձրաստիճան զինվորական է պաշտոնակ արվել՝ բոլորը գլխավոր շտաբի վարչությունների պետեր են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնանկություններ և նշանակումներ Զինված ուժերում
Թե ինչ է պաշտոնանկությունների պատճառը, Պաշտպանության նախարարությունից չեն պարզաբանում։ Չեն հայտնում նաև, թե ով կզբաղեցնի Գլխավոր շտաբի պետի պաշտոնները։
Դավթյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց։
Թափուր մնացած մյուս 4 պաշտոններում արդեն նշանակումներ կան։
Պաշտոնից հեռացված երկու բարձրաստիճան զինվորականները՝ Գլխավոր շտաբի պետն ու նրա տեղակալն անցնում են երկու տարբեր քրեական գործերով։ Արտակ Դավթյանը «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, իսկ Անդրանիկ Մակարյանը՝ մեկ այլ գործով պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնանկությունները չի կապում քրեական գործերի հետ: Ըստ իշխանական պատգամավորի, Գլխավոր շտաբում տեղի ունեցող զարգացումները բանակի ռեֆորմին միտված քայլեր է։
«Մարդը փոխվում է, որովհետև նաև կառուցվածքային փոփոխությունների խնդիր էր առաջացել, եթե նկատեցիք կառավարության որոշմամբ մտցվեց նոր հաստիք՝ Գլխավոր շտաբի պետ՝ նախարարի առաջին տեղակալ: Դա նշանակում էր, որ պաշտպանական գերատեսչության կառուցվածքը մտնում է փոփոխությունների փուլ, իսկ ավելի առարկայական դա կլինի, երբ որ պաշտպանության մասին օրենքի փոփոխությունները տեսանելի կլինի նաև բոլորի համար: Ասեմ՝ մեր հանձնաժողովում առաջին աշխատանքային քննարկումն այդ առումով եղել է, կլինեն երկրորդը, երրորդը: Եվ երբ կառավարության ծրագրում հաստատվում էր բանակի ռեֆորմները գործող կառավարությունը ոնց է պատկերացնում, այնտեղ խոսվում էր ապագա բանակի և պրոֆեսիոնալ բանակի մասին, իսկ բնականաբար, տեղի կունենա նա վերին օղակի կառավարիչների փոփոխություն, իսկ դա, ես կարծում եմ, խիստ անհրաժեշտ է», - ասաց Քոչարյանը:
Իսկ պաշտոնից հեռացված երկու մյուս երկու բարձրաստիճան զինվորականները՝ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Արթուր Պողոսյանն ու հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ Արմեն Հարությունյանն անցած տարի շուրջ 4 տասնյակ զինվորականների հետ պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Անպիտան հրթիռների» քրեական գործով 5 ամսից ավելի է՝ կալանավորված են Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։ Դատավարության մեկնարկին անցած ամիս դատարանի որոշմամբ ազատ արձակվեց միայն Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանը։ Այդ ընթացքում առանցքային մեղադրյալներից միայն Գլխավոր շտաբի պետն էր ազատության մեջ, Գլխավոր դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն չէր ներկայացրել։
Պաշտոնական տեղեկության համաձայն, 2018 թվականին բանակի համար ձեռք բերված ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ են քրեական գործի հարուցման պատճառ դարձել։
Մեղադրյալների պաշտպանները հակառակն են պնդում՝ չկա որևէ ապացույց, որ հրթիռներն անպիտան են եղել։ Հայտարարում են, թե դրանք անգամ փորձաքննություն չեն անցել, չեն կրակվել։
Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով մի քանի օր առաջ նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ Արայիկ Հարությունյանն էր ազատվել է պաշտոնից։ Պաշտոնանկ էր արվել նաև զինված ուժերի թիկունքի պետ Ռոմիկ Մարգարյանը, նրա փոխարեն նշանակվել է Արամ Պողոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արամ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ