«Անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի դատավարությունը բաց չի կարող ընթանալ, քանի որ դրանում առկա որոշ տվյալներ պետական գաղտնիք են պարունակում, հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ արձագանքելով Դավիթ Տոնոյանի փաստաբանների երեկվա հայտարարությանը։
Գլխավոր դատախազի խոհրդարական Գոռ Աբրահամյանը հիշեցնում է՝ մեղադրող դատախազը դատավարության դեռ սկզբում էր այդ մասին հայտնել։
«Եթե չեմ սխալվում, հենց առաջին դատական նիստի ժամանակ, պաշտպանության կողմը հանդես էր եկել համապատասխան միջնորդությամբ կապված նիստերը դռնբաց անցկացնելու վերաբերյալ, այդ դատական նիստի ժամանակ դատախազն առարկություն է ներկայացրել ներկայացրած միջնորդությանը և դատարանն ըստ էության միջնորդությունը մերժել է։ Այս պահի դրությամբ դատախազությունն իր դիրքրոշումը չի փոխել․ գործում առկա են այնպիսի նյութեր, տվյալներ, որոնք պարունակում են պետական գաղտնիք և հետևաբար նիստերը դռնբաց անցկացնել չեն կարող», - ասաց Աբրահամյանը։
Պաշտպանության նախկին նախարարի պաշտպանները քանիցս հայտարարել են՝ որևէ հիմք չկա նիստերը դռնփակ անցկացնելու համար։ Այդ պատճառով փետրվարի 28-ին նշանակված դատական նիստի ընթացքում իրենք շարունակելու են պահանջել բաց և հրապարակային դատավարություն՝ «քրեական գործի նյութերում պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների բացակայության վերաբերյալ նախկինում արված պնդումների հիման վրա»:
Պաշտպանները պնդում են, թե «պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում և իրականացրել է միմիայն օրինական գործողություններ»։
Առանձնապես խոշոր չափերի՝ 4.6 միլիոն դոլար յուրացմաան համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «անպիտան հրթիռների» գործով մյուս 3 մեղադրյալները գրեթե 5 ամիս է՝ կալանավորված են։ Դատարանն անցած ամսվա վերջում որոշեց անփոփոխ թողնել պաշտպանության նախկին նախարարի, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, բանակին հրթիռներ մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի և Զինված ուժերի ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի խափանման միջոցները։ Կալանքից ազատ արձակվեց Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանը։ Այս գործով պաշտոնական լիազորությունների չարաշահման համար մեղադրյալ է նաև Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
Պաշտոնական տեղեկության համաձայն, 2018 թվականին բանակի համար ձեռքբերված ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներ են քրեական գործի հարուցման պատճառ դարձել։
Մեղադրյալների պաշտպանները հակառակն են պնդում՝ չկա որևէ ապացույց, որ հրթիռներն անպիտան են եղել, հայտարարում են, թե դրանք անգամ փորձաքննության չեն ենթարկվել, չեն կրակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարոն Օհանյանը մի պարզ հարցի չի պատասխանում՝ ինչո՞ւ իր ժամանակ էդ փչացած ապրանքը եկավ Հայաստան. Քոչարյան