Մատչելիության հղումներ

Փաստաբանները բողոքարկել են Տոնոյանի կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշումը


Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու դատարանի որոշումը բողոքարկվել է, հայտնում է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փաստաբանական խումբը։

«Ստացել ենք Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: Վերահաստատում ենք, որ այն ամբողջությամբ անհիմն է, չփաստարկված և չպատճառաբանված, որի կապակցությամբ մանրամասն մեր առարկությունները ներկայացնելով՝ այն բողոքարկել ենք վերաքննության կարգով», - ասված է հայտարարությունում:

Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին, դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին:

Տոնոյանը կալանավորվել է սեպտեմբերի վերջին։ Պաշտպանական թիմն այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչը կալանքի որոշումն անփոփոխ էր թողել։ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Տոնոյանն անցնում է բանակին անպիտան հրթիռներ գնելու քրեական գործով: Առանձնապես խոշոր չափերով՝ 4.7 մլն դոլարի վատնում կատարելու համար մեղադրվող նախկին պաշտոնյան չի ընդունում մեղադրանքն ու իրեն կալանվորելն անհիմն է համարում:

XS
SM
MD
LG