Հարուցվել է քրգործ ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ ակցիա իրականացրած 25 քաղաքացու, այդ թվում՝ լրագրողի նկատմամբ

Բողոքի ակցիա Երևանում՝ ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ, 22-ը փետրվարի, 2022թ.

Ոստիկանությունը խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցել ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքի ակցիա իրականացրած 25 քաղաքացիների նկատմամբ։

Վերջիններս մինչդեռ ահազանգում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բիրտ, անօրինական և անհամաչափ ուժ են կիրառել, ակցիայի ընթացքում նույնիսկ երիտասարդներից մեկի թևն է կոտրվել։

Ադրբեջանցի երկու պատգամավորները Երևանում մասնակցում էին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստերին։

Երեկ Դաշնակցության երիտասարդական միության մի խումբ անդամներ կոչերով ու պաստառներով ադրբեջանցի պատգամավորներից պահանջել են վերադարձնել հայ ռազմագերիներին և հեռանալ հայկական տարածքներից: Ոստիկանները նրանց բերման էին ենթարկել, ակցիայի վայրում է եղել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը, որին նույնպես ոստիկանություն են տարել։ Լրագրողն «Ազատությանը» պատմեց՝ կրել է բեյջ ու լուսաբանել ակցիան։

«Լրագրողական բեյջն էի կրում, իրենց ցույց էի տալիս, ասում, որ ես լրագրող եմ, ինձ չեք կարող բերման ենթարկել, ես հեռախոսով էի աշխատում, ասացին՝ մեզ «չի հետաքրքրում» ու մտցրերցին մեքենան, տարան կենտրոնի բաժին, որտեղ մնացել ենք մոտ 5-5,5 ժամ: Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն անելու կասկածանքով, նշված է, որ գոռացել եմ՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», որոնք, բնականաբար, իրականությանը չեն համապատասխանում», - պատմեց լրագրողը:

Ոստիկանությունը պարզաբանել է՝ որևէ մեկը որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ չի ներկայացել, նաև համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Ոստիկանության հաղորդագրությունում նաև նշված է, որ 25 քաղաքացիները փորձել են հյուրանոց մտնել, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել իրավապահների հասցեին։

Լրագրողի ու բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործը հարուցվել է հասարակական կարգը կոպիտ խախտելու հատկանիշներով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ոստիկանների գործողությունները խնդրահարույց է որակում։ Ասում է՝ քաղաքացիները խաղաղ ակցիա են իրականացրել, օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից։ Անդրադառնալով լրագրողին բերման ենթարկելու փաստին՝ իրավապաշտպանը ասաց՝ լրագրողը պետք է վկայական կրի ու դա բավական է, որ նրան բերման չենթարկեն:

«Ադրբեջանում սրանից մի 5 տարի առաջ ոստիկանությունը լրագրողներին ասում էր՝ «հավաքի ժամանակ տարբերվող հագուստ կրեք, որ ձեզ տարբերենք», մեկ էլ Ռոբերտ Քոչարյանն էր դա ասում, սրանից 15 տարի առաջ: Խորապես հույսով էի, որ մենք հաղթահարել ենք այդ ժամանակահատվածը և կարիք չկա, որ լրագրողը մի հատ դրոշ պահի, ասի՝ «լրագրող եմ, ինձ մի ծեծեք կամ ինձ բերման մի ենթարկեք», - նշեց Իոաննիսյանը:

«Եթե երկրում դատաիրավական համակարգը գործեր ու նախկինում մի քանի ոստիկան պատժվեր՝ այպիսի դեպքեր այսօր չէինք տեսնի», - ասում է Իոաննիսյանը՝ դատապարտելով հատկապես լրագրողին բերման ենթարկելու փաստը։

«Բայց մենք տեսանք՝ օրինակ՝ Ազգային ժողովում լրագրողներին քաշքշեցին, լրագրողներին ստիպում էին՝ իրենց նկարած կադրերը ջնջեին և այլն: Կամ դրանից էլ առաջ իշխող խամբակցության պատգամավորը լրագրողի ձեռքից հետախոս էր խլում, այդ հեռախոսի մեջից ինչ-որ բաներ ջնջում: Այդ դեպքերով եթե պատշաճ քրեադատավարական ընթացքը լիներ, այդ դեպքերը չէին կրկնվի», - ընդգծեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավարը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանն արձագանքելով պնդումներին, թե ոստիկանությունը ծառայում է միայն իշխանությանը, ասաց՝ ոստիկանությունը բռնել է բարեփոխման ճանապարհը։ Իշխանական պատգամավորը նշեց՝ սա քաղաքական հարց չէ, թող իրավապահները որոշեն ով է ճիշտ, ով՝ սխալ:

«Մենք տեսել ենք, որ իրական կյանքում՝ 2018-ից առաջ ու հետո մենք բոլորովին այլ ոստիկանություն ունենք, բայց նաև մենք պետք է հասկանանք՝ արդյոք լրագրողը իր մասնագիտական պարտականությունների տիրույթում է եղել, թե դուրս է եկել իր մասնագիտական տիրույթից և ըստ էության ակտիվիստի գործունեությամբ է զբաղված եղել: Նման դեպքեր մենք էլի տեսել ենք, ցավոք եմ սա արձանագրում», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցիները երեկ այցելել են բերման ենթարկվածներին։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը, որն այսօր ավարտեց իր պաշտոնավարումն, ասաց՝ պաշտոնական նամակ կուղարկեն ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար։

«Նաև խնդիրներ են արձանագրվել՝ կապված վերաբերմունքի հետ, առանձնազրույցներում նշել են մարդիկ: Ոստիկանությունից էլ մեզ նշել էին, որ իրենց նկատմամբ էլ է կիրառվել, իրենց կարծիքով, արարքներ, որոնք անթույլատրելի էին: Բայց մենք նաև արձանագրել ենք, որ բերման ենթարկվածների նկատմամբ է կիրառվել, իրենք էին ասում՝ ֆիզիկական ուժ, անհամաչափ ուժ: Ինձ համար նաև շատ կարևոր է լրագրողին բերման ենթարկելը, ու առհասարակ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերը, այնպես որ այդ հարցը պետք է բազմակողմանի պարզվի», - ասաց Թաթոյանը:

«Ազատությանն» այսօր չհաջողվեց զրուցել երիտասարդ աղջկա հետ, որի թևն է կոտրվել ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։ ՀՅԴ երիտասարդական միությունը մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպաններին ու միջազգային կառույցներին կոչ է անում հստակ գնահատական տալ ոստիկանության գործողություններին: