Մատչելիության հղումներ

ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներն անհիմն են. ՄԻՊ զեկույց


Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջը, բռենդը ժողովրդավարությունն է, վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից ժամեր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ծավալուն զեկույց հրապարակեց երկրի թիվ մեկ քաղաքական կառույցում՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասին։ Իսկ պետության ժողովրդավարության համակարգի կարևոր ցուցանիշներից մեկը լրագրողների մասնագիտական պաշտպանված աշխատանքն է, արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Զեկույցի առիթն այս գումարման Ազգային ժողովում լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակումներն են, որ նորընտիր խորհրդարանի աշխատանքը սկսելուն պես գործի դրվեցին։

Արման Թաթոյանը Հայաստանի ու միջազգային օրենսդրությունը վերլուծել ու եզրակացրել է՝ լրագրողների աշխատանքի սահմանափակումներն անհիմն են. «2021 թվականի օգոստոսի 2-ից Ազգային ժողովի շենքում լրագրողների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ակնհայտ վկայում են, որ դրանք Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության ապահովման հետ առնչություն չունեն, այլ պարզապես անհիմն սահմանափակում են լրագրողների աշխատանքը՝ խոչընդոտներ առաջացնելով նրանց մասնագիտական գործունեության համար, ինչպես նաև բացասական ազդելով հասարակությունում լրագրության հեղինակության վրա»։

Ալեն Սիմոնյանի ընտրվելուց հետո Ազգային ժողովում սահմանափակվեց լրագրողների ազատ տեղաշարժը նիստի օրերին։ Անվտանգության աշխատակիցները փակեցին պատգամավորների աշխատասենյակներ տանող ուղղությունները:

Արման Թաթոյանը, որ մի քանի օրից ավարտում է պաշտոնավարումը, արձանագրել է, որ լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումները կիրառվել են Ազգային ժողովի նախագահի որոշմամբ, այդ որոշումն ընդունվել ու կիրառվել է առանց լրագրողական կազմակերպությունների հետ նախապես քննարկելու, ինչն անընդունելի է համարում. «Խնդրահարույց է, որ Ազգային ժողովում լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները, այդ թվում՝ սահմանափակումները, չեն ստացել որոշակի և հստակ, կանխատեսելի ամրագրումներ օրենսդրական մակարդակում, այլ ներառվել են որպես Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվող՝ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների բաղկացուցիչ մաս»։

Զեկույցում անդրադարձ կա նաև իշխանական պատգամավորների ձևակերպումներին։ Օմբուդսմենը մեջբերել է մեկնաբանություններ, երբ իշխանական պատգամավորները սահմանափակումները հիմնավորում են անվտանգության անհրաժեշտությունից և լրագրողներին համեմատում ահաբեկիչների հետ։ Օմբուդսմեն Թաթոյանն անթույլատրելի է դա համարել՝ ընդգծելով, որ այդպիսով նրանք նպաստում են հասարակությունում լրագրողի դերի հեղինակազրկմանը, գործունեության նպատակի ոչ ճիշտ ընկալմանը, դրա կարևորության արժեզրկմանը։

Իշխանությունը դեռ չի ուսումնասիրել զեկույցը



70 էջանոց այս զեկույցը իշխող խմբակցությունում դեռ չեն ուսումնասիրել։ Հենց այս հիմնավորմամբ պատգամավորները հրաժարվեցին արձագանքել օմբուդսմենին։ Չի ուսումնասիրել նաև Ազգային ժողովի խոսնակ, այժմ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսնակ Ծովինար Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց՝ զեկույցին կարձագանքեն ավելի ուշ. «Առաջին հայացքից որոշ անհամաձայնություններ կան, որոնք այս պահին չեմ կարող բարձրաձայնել, առավել լայն և խորը ուսումնասիրելուց հետո նոր կանդրադառնանք: Հնարավոր է` մենք էլ ծավալուն անդրադառնանք զեկույցին»:


«Որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանի 4.5-5 ժամանոց մամուլի ասուլիսները»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համաձայն է օմբուդսմենի դիտարկումների հետ։ Երբ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է ներկայացնում իշխանությունը, փաստարկները մի քանի տարվա վաղեմության են. «Ցավոք, հիմա երբ խոսում է իշխանությունը ժողովրդավարությունից և համարում է Հայաստանը ժողովրդավարության բաստիոն, հիմնականում այն փաստերն ու փաստարկներն են բերվում, որոնք բերվում էին 2018 թվականի հեղափոխությունից հետո»:

Իսկ հիմա բազմաթիվ են հետընթացը վկայող փաստարկները, փոխվել է Փաշինյանի գործելաոճը, ընդգծում է լրագրողական կազմակերպության ղեկավարը. «Հարց է ծագում, օրինակ, որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանի 4.5-5 ժամանոց մամուլի ասուլիսները, երբ ինքը բոլոր ցանկացողներին էր հրավիրում, և վերջանում էր այդ ասուլիսը միայն այն դեպքում, երբ հարցերը սպառվում էին: Հիմա դա չկա, և այսպես կոչված` ասուլիսները լրիվ այլ ֆորմատում են և այլ բովանդակության, որովհետև այդտեղ փաստորեն հավաքվում են հարցերը, այդ հարցերը նաև ֆիլտրվում են: Ո՞ւր են Նիկոլ Փաշինյանի լայվերը, ո՞ւր է լրատվամիջոցների հանդեպ հանդուրժող վերաբերմունքը»:

Տեղեկատվական դաշտը բարելավող օրենսդրական փոփոխություններ չեղան, դժգոհում է Աշոտ Մելիքյանը, իսկ, որն էլ որ փոխվել է, ըստ նրա` ակնհայտ հետընթաց է։ Օրինակ` վիրավորանքի ու զրպարտության փոխհատուցումը եռապատկվեց` մինչև 6 միլիոնի հասնելով: Սա, ըստ Մելիքյանի, խնդրահարույց է չկայացած դատական համակարգի դեպքում, քրեականացվեց ծանր վիրավորանքի հոդվածը։

«Այդ օրենքը մեծ հաշվով հենց իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին, սկսած առաջին դեմքից ավելի պաշտպանելու միտում կա, և սա ժողովրդավարական մոտեցումներին չի համապատասխանում, այլ ես նույնիսկ կասեի` ճիշտ հակառակն է», - ասաց նա:

Վիրավորանքի քրեականացումը մի քանի անգամ քննադատել է նաև Freedom House հեղինակավոր կազմակերպությունը և կոչ արել իշխանություններին այն չեղարկել։

XS
SM
MD
LG