Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ մարտի 12-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում թեկնածուների գրանցումն ավարտվել է:
Նախագահի պաշտոնի համար «պայքարելու են» 9-ը թեկնածուներ, որոնց թվում է նաև ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը:
Փետրվարի 11-ին 64-ամյա նախագահը խորհրդարանում ասել է, թե «եկել է ճանապարհը երիտասարդներին զիջելու ժամանակը»:
Վերլուծաբանների համոզմամբ, 9-ը թեկնածուներից 8-ին սոսկ վերապահվում է իրենց մասնակցությամբ ընտրությունները մրցակցային և իրավակարգ դարձնելու դերը, քանի որ արդեն այսօր հայտնի է, որ ռեժիմը կապահովի նախագահի որդու ընտրությունը:
40-ամյա Սերդար Բերդիմուհամեդովը ներկայացնում է իշխող Դեմոկրատական կուսակցությունը: Թուրքմենստանում կա ևս երկու քաղաքական կազմակերպություն՝ Արդյունաբերողների և ձեռներեցների կուսակցությունը և Ագրարային կուսակցությունը: Երկուսն էլ իշխանական ճամբարից են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքմենստանի նախագահը պատրաստվում է իշխանությունը փոխանցել որդուն8 մնացած թեկնածուներն են Բահամուրատ Մերեդովը, Աղաջան Բեկմուրադովը, Մակսամուրատ Օվեզգելդիևը, Գագագելդի Սարիևը, Բերդիմամետ Գուրբանովը, Պերհատ Բեգենովը, Մակսատ Օդեշովը և Հիդիր Նունաևը: Վերլուծաբանները նշում են, որ նրանցից յուրաքանչյուրն անվերապահորեն նվիրված է Սերդարի հորը՝ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովին:
Թուրքմենստանից արտաքսված 4 ընդդիմադիր ակտիվիստներ՝ Ահմետ Ռահմանովը, Մուրատ Գուրբանովը, Գելդի Կիյարիզովն ու Նուրմուհամետ Աննաևը հայտարարել են առաջադրվելու ցանկության մասին, սակայն անհայտ է, թե ինչպես նրանք կարող են գրանցվել և մասնակցել ընտրություններին:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ 1991 թվականին տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքմենստանում երբեք տեղի չեն ունեցել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ: