ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը տվյալ պահին ռուս պաշտոնակիցների հետ չեն հանդիպի

ԱՄՆ-ի պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և նախագահ Ջո Բայդենը, արխիվ:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման հեռանկար այս պահին չկա, քանի որ Ռուսաստանը ճանաչել է Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը: Այդ մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:

«Մենք երբեք ամբողջությամբ չենք փակում դիվանագիտության դուռը, բայց վստահ կարող ենք ասել, որ այս պահին նման հանդիպում մեր օրակարգում չկա», - երեկ երեկոյան հայտարարել է Սաքին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդեն. «Դոնբասի կազմավորումների ճանաչումն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեկնարկն է»

Երեկ նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին:

«Անցած շաբաթ ես համաձայնեցի փետրվարի 24-ին Եվրոպայում հանդիպել արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ պայմանով, որ Ռուսաստանը մինչ այդ չի հարձակվի Ուկրաինայի վրա: Հիմա տեսնում ենք, որ ներխուժումն արդեն սկսվել է, ուստի հանդիպումն այլևս իմաստ չունի», - ասել է Բլինքենը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը չեղարկեց Լավրովի հետ հանդիպումը

Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև նոր պատժամիջոցների մասին:

«Մենք սանկցիաներ ենք սահմանում Ռուսաստանի վերնախավի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, բոլոր նրանց, ովքեր ուղղակիորեն օգուտ են ստանում Կրեմլի հետ իրենց կապերից», - ասել է Բլինքենը: