Առաջիկայում կկայանա Բայդեն-Պուտին հանդիպում անվտանգության հարցերով․ AFP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ժնևում, 16-ը հունիսի, 2021թ․

France-Presse (AFP) գործակալությունը հայտնել է, որ առաջիկայում կկայանան ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները անվտանգության հարցերով։ Մինչ այդ փետրվարի 24-ին հանդիպելու են երկու երկրների արտգործնախարարները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն-Լավրով հանդիպում՝ հաջորդ շաբաթավերջին Եվրոպայում

Բայդեն-Պուտին կայանալիք հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահն է, ով երեկ ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել նախ Ռուսաստանի, այնուհետև նաև Միացյալ Նահանգների նախագահների հետ։ Ընդ որում, Վլադիմիր Պուտինի հետ Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատը հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, թե Ռուսաստանը դուրս է բերելու իր զորքերը Բելառուսի տարածքից ռուս-բելառուսական զորավարժություններից հետո։

Ուկրաինայի սահմանների մոտ շարունակվում է ռուսական զորքերի կենտրոնացումը, Բելառուսի պաշտպանության նախարարը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեին փետրվարի 20-ին: Վիկտար Խրենինը նշել է, թե որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Բելառուսի արտաքին սահմանների մոտ ռազմական ակտիվության և Արևելյան Ուկրաինայում լարվածության աճի պատճառով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ու Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Ռուսաստանն ունի մինչև 30 հազար զինծառայող Բելառուսում և կարող է նրանց օգտագործել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հարձակվելու համար, սակայն Մոսկվան շարունակ հերքում է Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրությունը:

Ուկրաինայի շուրջ ճգնաժամը, այդուհանդերձ, օրեցօր խորանում է։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններից տասնյակ հազարավոր մարդիկ արդեն տարհանվել են Ռուսաստանի տարածք: Այդ հանրապետությունների ղեկավարությունը հայտնել է, թե պատրաստվում է տարհանել Ռուսաստանի տարածք շուրջ 1 միլիոն մարդու։

Արևմտյան երկրները շարունակ պնդում են, թե Ռուսաստանը կարող է ցանկացած պահի լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ, ընդ որում՝ միանգամից տարբեր տարածքներից, այդ թվում՝ Բելառուսից, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կիրակի օրը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը հնարավոր է պատրաստում է Ուկրաինայում սկսել 1945 թվականից ի վեր ամենամեծ պատերազմը Եվրոպայում:

Վաղը Ռուսաստան Պետդուման քննարկելու է իրավիճակը Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում, ինչի մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հավելելով, թե արևմտյան նոր պատժամիջոցները Մոսկվային արդեն չեն վախեցնում։ Փորձագետների մի մասը համարում են, թե Մոսկվան առաջիկայում կճանաչի այդ հանրապետությունների անկախությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդուման Պուտինին է դիմել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու խնդրանքով

Արևմուտքը պնդում է, թե նոր կոշտ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ, եթե նույնիսկ ռուսական բանակը հարձակում չսկսի, բայց Մոսկվան ճանաչի անջատողականների ինքնահռչակ հանրապետությունները։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը կնշանակի միջազգային իրավունքի խախտում, հավելելով, թե այդ դեպքում Վաշինգտոնը դաշնակիցների հետ միասին «ստիպված կլինի արագ և հաստատակամ պատասխան տալ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը չի հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ է Պուտինը ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները

Ուկրաինայի շուրջ ճգնաժամային զարգացումների ֆոնին՝ երեկ կեսգիշերին մոտ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հրատապ նախազգուշացում է արել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին։ Հայտարարությունում, ընդ որում, նշված է, որ ահաբեկչությունները հնարավոր են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուկրաինային սահմանակից շրջաններում։ Ամերիկացիներին առաջարկվել է դիտարկել Ռուսաստանից հեռանալու հնարավորությունը։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս հաղորդագրությունը, գրել է, թե կասկածում է, որ ամերիկյան կողմը հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունը փոխանցել է ՌԴ ԱԳՆ-ին։ «Հարց Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը․ դուք համապատասխան տվյալները փոխանցե՞լ եք ձեր ռուս գործընկերներին, եթե ոչ, ապա ինչպե՞ս հասկանալ այս ամենը», - գրել է Զախարովան։