Ռուսաստանի որոշ շրջաններից զորքերը դուրս բերելու՝ Միացյալ Նահանգների պահանջներն անընդունելի են, իսկ Ուկրաինա ներխուժում պլանավորելու մեղադրանքները Մոսկվայի վրա ճնշում գործադրելու փորձ են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ռուսաստանը վստահեցնում է, որ զորավարժությունների ավարտից հետո իր զորքերը կվերադարձնի մշտական տեղակայման վայրեր:
«Ռուսաստանի վրա պատասխանատվությունը տեղափոխելու, նրան հակամարտության կողմ դարձնելու փորձերն ուժ և հիմք չունեն», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ հավելելով․ - «Չեմ կարող չասել, որ մենք ծայրաստիճան հիասթափված ենք առնվազն մեր արևմտյան գործընկերների ջայլամի դիրքորոշումից, որոնք փորձում են չնկատել այս ակնհայտ բաները»։
Շարունակվող ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները, ըստ արևմտյան և ուկրաինացի դիվանագետների, ընկալվում են որպես սպառնալիք։
«Ուկրաինան հավատարիմ է մնում ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։ - «Ուկրաինան ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և կայունություն ոչ միայն իր, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Միաժամանակ, կրկնում եմ, եթե Ռուսաստանն ընտրի էսկալացիայի ճանապարհը, Ուկրաինան կպաշտպանվի»։
Երեկ, ըստ լրատվամիջոցների, ուկրաինացի զինվորականների և Դոնբասի ռուսամետ անջատողականների միջև փոխհրաձգությունը սաստկացել է։ Ըստ ուկրաինական կողմի՝ արկերից մեկը դիպել է մանկապարտեզի շենքին։ Այդ պահին այնտեղ երեխաներ չեն եղել, սակայն երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնարավոր ներխուժման հաղորդումները Ուկրաինայի համար միայն կորուստների են հանգեցնում․ Զելենսկի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական հարձակման սպառնալիքը դեռ մնում է, պնդում է Վաշինգտոնը