Հայաստանում քննարկվում է մարտից հակահամաճարակային սահմանափակումները մեղմացնելու հարցը

Հայաստանի իշխանությունները քննարկում են մարտի 1-ից հակահամաճարակային սահմանափակումները մեղմացնելու հնարավորությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղեկացրեց առողջապահության նախարարը, սակայն չհստակեցրեց, թե հատկապես որ կարգավորումն է հանվելու:

«Սահմանափակումների մասով այս պահին մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե օրինակ մարտի 1-ից մենք ինչ փոփոխություններ պիտի անենք։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան», - նշեց Անահիտ Ավանեսյանը։

Այժմ Հայաստանում գործում են փակ տարածքներում դիմակ դնելու, աշխատող քաղաքացիների պատվաստման և հանրային վայրեր այցելելիս պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջները, այս վերջինն ուժի մեջ մտավ մի քանի շաբաթ առաջ` հունվարի 22-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Pfizer պատվաստանյութը Հայաստանում է

Անդրադառնալով վերջին խստացումներին՝ Անահիտ Ավանեսյանը նշեց. «Հունվարին «օմիկրոնի» շտամի արագ, սրընթաց տարածման պարագայում, մեր կարծիքով, որոշակի զսպող մեխանիզմ հանդիսացավ այն և ինչ-որ առումով նաև խթանեց պատվաստումները, բայց մենք ականատես ենք, որ «օմիկրոնի» պարագայում քանի որ շատ մեծ է հիվանդացածների թիվը, իսկ մեր կարգավորումներով և ցուցումներով հիվանդանալուց հետո գոնե մեկ ամիս պիտի անցնի, որ քաղաքացին գնա, պատվաստվելու, դրա համար մենք կանխազգում ենք, որ հաջորդ շաբաթվանից պատվաստումների տեմպը նոր կընկնի իր ճիշտ, բնականոն հունի մեջ»:

Պաշտոնական վիճակագրությունը ևս վկայում է, որ վերջին շաբաթներին պատվաստման տեմպը ոչ թե ավելացել, այլ նվազել է, թեև իշխանությունները հույս ունեին, որ հունվարյան նոր խստացումների շնորհիվ ավելի շատ մարդ կպատվաստվի։

Այսպես, օրինակ` հանրային վայրեր QR կոդերով մուտք գործելու կարգավորումից 24 օր անց Հայաստանում առաջին դեղաչափը ստացել է 67 հազար քաղաքացի։ Իսկ ահա ամբողջ դեկտեմբեր ամսին՝ մինչև նոր խստացումները, ըստ պաշտոնական տվյալների, 100 հազար քաղաքացի էր ստացել 1-ին դեղաչափը։ Իսկ հոկտեմբերից, երբ պարտադիր դարձավ աշխատող քաղաքացիների պատվաստումը, օրական նույնիսկ մինչև 20 հազար մարդ էր պատվաստվում։

Մասնագետները պատվաստումների ներկայիս տեմպը բավարար չեն համարում

«Մենք շաբաթական պատվաստում ենք 5 հազարից քիչ մարդ, ինչն, իհարկե, շատ վատ է», - ասաց ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Պատվաստումների մեկնարկից գրեթե մեկ տարի անց, չնայած կառավարության ձեռնարկած տարբեր քայլերին, միևնույն է` Հայաստանը տարածաշրջանում շարունակում է պատվաստման ցուցանիշով վերջինը մնալ, թվերի զգալի աճ չի նկատվում։ Այս պահին ընդհանուր բնակչության ընդամենը 30 տոկոսն է ամբողջապես պատվաստված, ընդ որում՝ ռիսկի խմբում գտնվողներն ամենաքիչը՝ 15 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ COVID-19. Առողջապահական համակարգը կրկին լարված վիճակում է

Խոսելով քովիդով հոսպիտալացվածների մասին` Ավանեսյանն ընդգծեց` նրանց 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, որոնց մոտ հիվանդությունը բավական ծանր ընթացք ունի։ Չնայած հայտնի է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» ենթատեսակը, ի տարբերություն նախորդ շտամերի, ավելի թեթև է ընթանում, սակայն շատ են նաև ծանր դեպքերը, հիվանդանոցները ինտենսիվ ռեժիմով են աշխատում։

«Շաբաթական ուսումնասիրության արդյունքներով Հայաստանում 90 տոկոս շրջանառվող շտամը «օմիկրոն» շտամ է, սա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային դեպքերը, և՛ ցավոք սրտի, մահվան դեպքերը կապված են հենց «օմիկրոն» շտամի հետ», - նկատեց նախարարը:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այս պահին ծանր վիճակում է գտնվում 613, ծայրահեղ ծանր՝ 152 վարակակիր, ևս 59 մարդ միացված է թոքերի օդափոխման սարքավորումներին: Քովիդը Հայաստանում արդեն 8253 մարդու կյանք է խլել։