Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքով պահանջում է բեկանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։
Ավելի քան 11 տարի քննելով Հայաստանի դեմ ներկայացված բողոքը՝ Եվրադատարանը վերջերս վճռեց, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցեց՝ հենց այս վճիռն էլ հիմք է հանդիսացել վճռաբեկ դիմելու համար։
«Նման դեպքերում պարտադիր է համապատասխան դատական ակտերը վերանայելու պահանջը։ Գլխավոր դատախազը, նոր հանգամանքի հիմքով, բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան և միջնորդել է, որպեսզի 2010 թվականին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված մեղադրակա դատական ակտերը վերանայվեն, բեկանվեն, ճանաչվի և հռչակվի Նիկոլ Փաշինյանի անմեղությունն իրեն մեղսագրվող արարքներում, որը նշանակություն անձի ներկայում, նախկինում իրականացրած գործունեության, զբաղեցրած պաշտոնի հետ որևէ առնչություն չունի։ Կրկնում եմ, օրենքի պահանջ է, իմպերատիվ պահանջ է, առկա է կոնկրետ ՄԻԵԴ-ի որոշումը, և նման դեքպերում նման իրավական գործընթացի նախաձեռնումը հստակ պահանջ է, ինչը և դատախազության կողմից իրականացվել է», - ասաց Աբրահամյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010 թվականին Փաշինյանին մեղավոր էր ճանաչել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման: Նա նաև մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն այս դրվագով արդարացվել էր: Փաշինյանը բանտում ավելի քան մեկ տարի մնաց, ապա համաներմամբ ազատ արձակվեց։
Մարտյան իրադարձությունների վերաբերյալ Եվրադատարանի վճիռները անցած 3 տարիներին հիմք են հանդիսացել, որ տասնյակ ընդդիմադիրներ արդարացվեն հայաստանյան դատարաններում։ Վճռաբեկը երեք ամիս ժամանակ ունի Նիկոլ Փաշինյանին առնչվող բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը