Երկրորդ օրն է՝ պաշտոնական Կրեմլը չի հստակեցնում՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Վլադիմիր Պուտինը ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները՝ ընդառաջելով Պետդումայից ստացված դիմումին։
Խորհրդարանը երեկ էր ձայների գերակշիռ մեծամասնությամբ փաստաթուղթ ընդունել՝ խնդրելով նախագահից ճանաչել Ուկրաինայից անջատված շրջանների անկախությունը։ Կրեմլի խոսնակն այսօր հաստատել է, որ Պուտինը ստացել է Պետդումայի հռչակագիրը, սակայն դրա հետագա ընթացքի մասին ոչինչ չի ասել, նշելով, թե որևէ ընթացակարգ նման դեպքերի համար նախատեսված չէ։ Այսինքն Պուտինը կորոշի երբ և ինչպես արձագանքել Պետդումայի այդ կոչին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդուման Պուտինին է դիմել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու խնդրանքովԸնդ որում, Պեսկովը պնդել է, թե Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը որևէ կերպ չի հակասում Մինսկի պայմանավորվածություններին, որոնցով կողմերը պարտավորվել էին ճգնաժամը հարթել բանակցությունների և փոխադարձ համաձայնությունների միջոցով։ Կրեմլի խոսնակը պնդել է, թե Մինսկի համաձայնություններին չի հակասում նաև այն փաստը, որ այսօր արդեն Մոսկվան ռուսական անձնագրեր է բաժանում այդ շրջանների բնակիչներին։
«Մենք դա անում ենք զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով», - պնդել է Պուտինի խոսնակը։
Ինքը՝ Կրեմլի ղեկավարը, երեկ Գերմանիայի կանցլերի հետ ասուլիսում ասել էր, թե Մոսկվայի համար առաջնայինն այն է, որ Կիևը կատարի մինսկյան պայմանավորվածությունները։ Դրանք, ի թիվս այլ դրույթների, նախատեսում են նաև ուղիղ երկխոսություն Կիևի և ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարության միջև և հատուկ կարգավիճակ հետկոնլֆիկտային շրջանում, ինչը, վերլուծաբաններից շատերի կարծիքով, Մոսկվայի շահերից է բխում։ Մյուս կողմից, շատերն են վստահ, որ Պետդուման ինքնագլուխ նման քվեարկություն չէր նախաձեռնի, այն էլ այսչափ լարված իրավիճակում:
Ըստ փորձագետի, գոնե առաջիկայում Մոսկվան նման քայլի չի գնա
Քաղաքագետ Լեոնիդ Գոզմանը «Ազատության» Настоящее время նախագծին տված հարցազրույցում նշում է, որ Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման նախաձեռնությունը ակնհայտորեն գալիս է ոչ թե պատգամավորներից, այլ՝ Կրեմլից։ Նա կարծում է, որ այդ ճանաչումը ռուսական պետական լրատվամիջոցների կողմից կներկայացվի որպես մեծ աշխարհաքաղաքական հաղթանակ, հատկապես այն փակուղում, որում այսօր հայտնվել է Կրեմլը՝ մեծ թվով զինվորականներ ու տեխնիկա կուտակելով Ուկրաինայի հետ սահմանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել 30 հազար զինծառայող և արդիական սպառազինություն․ ՍտոլտենբերգԱյդ ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը, ըստ փորձագետի, Կրեմլին հնարավորություն կտա ինչ-որ հաջողություն ցույց տալ ռուսաստանցիներին «ուկրաինական ճակատում»։
«Նրանք պետք է փրկեն իրենց դեմքը: Նրանց համար դեմքը փրկելը ամենակարևորն է, ավելի կարևոր, քան անվտանգությունը, խաղաղությունը։ Ուստի նրանք պետք է հայտարարեն իրենց հաղթանակի մասին։ Հնարավոր է, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը ներկայացվի որպես Ռուսաստանի Դաշնության մեծ պատմական աշխարհաքաղաքական հաղթանակ, որն այդ տարածքները Ռուսաստանի կողմից անեքսիայի համար հնարավորություններ է բացում։ Եվ ես կարծում եմ, որ եթե նրանք ճանաչեն այդ ինքնահռչակ հանրապետությունները, ապա կճանաչեն դրանք Լուգանսկի և Դոնեցկի շրջանների սահմաններում, այսինքն՝ ավելի շատ տարածք կպահանջեն, քան այսօր վերահսկում են Դոնբսի անջատականները», - ասել է Գոզմանը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ այդ հանրապետությունները ճանաչելու դեպքում Ռուսաստանը դե ֆակտո դուրս կգա Մինսկի պայմանավորվածություններից։ Գերմանիայի կանցլերը երեկ Պուտինի հետ բանակցություններից հետո ասել էր, թե Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը կբերի քաղաքական աղետի։
Քարնեգի մոսկովյան կենտրոնի փորձագետ Կոնստանտին Սկորկինը, օրինակ, համարում է, թե գոնե առաջիկայում Մոսկվան նման քայլի չի գնա, իսկ եթե գնա, շատ հավանական են դառնում նոր ռազմական գործողությունները, այդ թվում՝ ռուսական զորքերի մասնակցությամբ, քանի որ այդ հանրապետությունները համարում են, որ իրենց տարածքի մեծ մասն այսօր վերահսկում է Կիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսում զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադառնում են․ ՌԴ ՊՆ«Քանի որ այս «հանրապետությունները» կարծում են, որ 2014 թվականի իրենց անցկացրած հանրաքվեի համաձայն, իրենց իրական տարածքը ընդգրկում է Լուգանսկի և Դոնեցկի շրջանների այն ժամանակվա ողջ վարչական տարածքը, նրանք ներկայումս ամբողջությամբ չեն վերահսկում իրենց տարածքը և պետք է վերականգնեն այդ վերահսկողությունը», - նշել է Սկորկինը:
Ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հնարավորությունը պահելով ձեռքում՝ Մոսկվան միաժամանակ հայտարարում է, թե շարունակում է ետ քաշել զորքի մի մասը, որն իբր ուղարկվել էր՝ զորավարժությունների մասնակցելու համար։ Արևմտյան առաջնորդներն ու անկախ փորձագիտական խմբերը, սակայն, հայտարարում են, որ առայժմ ռուսական զորքի հետքաշման մասին ստույգ տվյալներ ու փաստեր չեն տեսել։