ՆԱՏՕ-ի 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումները՝ կապված Դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի ապագա անդամակցության հետ, մնում են ուժի մեջ, և ՆԱՏՕ-ի դաշնակիցները կասկածի տակ չեն դնում յուրաքանչյուր ինքնիշխան պետության իրավունքը՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու անվտանգության ապահովման վերաբերյալ: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Բուխարեստի որոշումները մնում են ուժի մեջ։ ՆԱՏՕ-ն համոզված է, որ բոլոր երկրներն իրավունք ունեն ընտրելու իրենց ճանապարհը, և ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեծ հաջողություն էր ժողովրդավարության և ազատության տարածման համար։ Դաշինքը տասնամյակներ շարունակ ապահովել է խաղաղություն և կայունություն։ Այսպիսով, այս որոշումը մնում է», - ասել է Ստոլտենբերգը Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսաստանը պահանջում է կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և բացառել Դաշինքին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությունը։