Պետդուման Պուտինին է դիմել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը ճանաչելու խնդրանքով

Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ են քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին, որով խնդրում են ճանաչել Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության հեղինակած փաստաթղթին կողմ է քվեարկել 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 1-ը։

Նման ճանաչումը, ըստ ռուսաստանցի օրենսդիրների, «հիմքեր կստեղծի արտաքին սպառնալիքներից և ցեղասպանության քաղաքականության իրականացումից» ինքնահռչակ հանրապետությունների բնակիչների պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև «միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդումայի կոմունիստները կոչ են անում ճանաչել Ուկրաինայի անջատական հանրապետությունների անկախությունը