Ադրբեջանը չի թաքցնում մշակութային ցեղասպանության իր ցանկությունը. քաղաքագետ

Բաքուն վաղուց նպատակ ունի իրականացել մշակութային ցեղասպանություն Արցախում և այսօր էլ չի թաքցնում իր այդ ցանկությունը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ, Կոլորադոյի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյանը։

«Բաքուն վաղուց էլ պատրաստ է եղել, ցանկություն ունի, նպատակ ունի իրականացել մշակութային ցեղասպանություն Արցախում և այն բոլոր տեղերում, որտեղ հայությունն ունեցել է բնիկ ներկայություն հազարամյակներ շարունակ։ Դա տեղի ունեցավ 1997 և 2006 թվականներ ընթացքում Նախիջևանում և ամբողջովին բնաջնջվեց հայկականության ամեն մի հետք, դա որոշ չափով արդեն սկսվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների հանդեպ, մանավանդ նրանց, որոնք մոտ են ճանապարհաշինարարական գործողություններին՝ հիմնականում գերեզմանոցներ», - ասաց քաղաքագետը։

Բաքվի ցանկություններից մեկը հայության բարոյալքումն է, որ հայությունն իսպառ մոռանա Արցախի մասին՝ ասաց Մաղաքյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանի համար ոչ միայն ֆիզիկական բնաջնջումն է կարևոր, այլև այն ցավը, տրավման, որ պետք է պատճառի հայությանը։

«Այսօրվա պահվածքը նրա [Բաքվի] զարմանալի չէ, բայց չի նշանակում, որ մենք որպես ակադեմիկոսներ, պետականություն, համայնք, անհատներ, պետք է նստենք և ողբանք, և չպետք է փորձենք ինչ-որ բան ձեռնարկել այդ ամենը ավարտին հասցնելու համար և փրկենք այն, ինչ կարող ենք», - ասաց Մաղաքյանը։

Բաքուն հայտարարել է, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել: Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր․ - «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ շեշտելով՝ հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը:

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․