Մատչելիության հղումներ

Արցախն ու Մայր Աթոռը դատապարտում են հայկական կոթողների ինքնությունը փոխելու Բաքվի քայլը


Արցախի արտգործնախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնական հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը:

«Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում», - հայտարարում է Արցախի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև՝ մարտահրավեր միջազգային հանրության համար և սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը, նշում է Արտգործնախարարությունը:

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե տեղի ու միջազգային փորձագետներից աշխատանքային խումբ է ստեղծվում, որն այցելելու է հայացված աղվանական հուշարձաններ՝ ընդգծելով. «Հայերը հետքեր են թողել մեր հուշարձանների վրա, որի վերաբերյալ այժմ մենք ապացույցներ ենք հավաքում»։

Արցախից կոչ են անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ «պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, և լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը»:

Իր հերթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով այս քայլը, դիմում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ «խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»:

Պաշտոնական Երևանը ևս ավելի վաղ խստորեն դատապարտել է Բաքվի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը:

Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր․ «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, ավելի ուշ ավելացված գրություններ են»։

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր:

XS
SM
MD
LG